Չինաստանի ռազմավարական հաշվարկները և Հնդկական օվկիանոսի կղզային պետությունները

Չինաստանը Հնդկական օվկիանոսի կղզային պետություններում ներդրումներն ու ենթակառուցվածքային ծրագրերը համադրում է դիվանագիտական և անվտանգության ոլորտներում համագործակցության հետ։ Պեկինը ազդեցությունն ընդլայնում է, օրինակ, Սեյշելների ու Մալդիվների վրա։ Հնդկական օվկիանոսում չինական ռազմավարությունն է վերլուծում dailyasianage.com կայքը։
2023-ին, երբ Միացյալ Նահանգները վերաբացում էր Սեյշելներում իր դեսպանատունը, շատերն այդ որոշումը դիտարկեցին որպես փոքր կղզային պետություններում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու ավելի լայն ջանքերի մաս։ Վաշինգտոնը երկրում իր դեսպանատունը փակել էր 1996-ին։ Դրան հաջորդած տարիներին Չինաստանը զգալի ներկայություն էր հաստատել՝ կառուցելով դպրոցներ, հիվանդանոցներ, բնակարաններ և հանրային ենթակառուցվածքներ։ Սեյշելների նախագահն էլ էր ընդունել, որ այդ աջակցությունը զգալի համակրանք է ստեղծել Չինաստանի նկատմամբ, հատկապես այն պատճառով, որ Պեկինը տրամադրել էր ծառայություններ, որոնք արտաքին մյուս ուժերն անտեսել էին։ Այս դրվագը ցույց տվեց Հնդկական օվկիանոսում տեղի ունեցող ավելի լայն փոփոխությունը. երկրները, որոնք ժամանակին մեծ տերությունների մրցակցության ծայրամասում էին համարվում, այժմ ավելի կարևոր տեղ են զբաղեցնում Պեկինի, Նյու Դելիի և Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկներում։
Սեյշելների նշանակությունը պայմանավորված չէ նրա տնտեսության կամ բնակչության չափով։ Արևմտյան Հնդկական օվկիանոսում գտնվելու վայրը, ծովային տարածքը և Աֆրիկան, Մերձավոր Արևելքն ու Ասիան կապող ուղիների վրա դիրքը երկրին իր ներքին շուկայից շատ ավելի մեծ կարևորություն են տալիս։ Հետևաբար, կղզային այս երկրի հետ Չինաստանի ընդլայնվող կապերը Հնդկական օվկիանոսի ամբողջ տարածքում տնտեսական և քաղաքական հարաբերություններ զարգացնելու ավելի լայն ջանքի մասն են։ Այդ տարածաշրջանում ենթակառուցվածքները, առևտուրը և ծովային անվտանգությունն ավելի ու ավելի սերտորեն են փոխկապակցվում։
Տարածաշրջանը Չինաստանի համար կարևոր է մի քանի պատճառով։ Այն ելք է ապահովում դեպի Պարսից ծոցի էներգակիրներ արդյունահանող երկրներ, Աֆրիկայի ու Եվրոպայի շուկաներ և ծովային ուղիներ, որոնցով իրականացվում է չինական առևտուրը։ Չինաստանի ներմուծվող էներգակիրների զգալի մասը փոխադրվում է այս տարածաշրջանով, իսկ նրա առևտրային ավելի լայն շահերը կախված են ծովային փոխադրումների անվտանգությունից։ Օվկիանոսը Չինաստանի շահերը Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում կապում է նաև Մալակկայի նեղուցին, որով անցնում է նրա էներգակիրների ներմուծման մեծ մասը։
Այս տնտեսական նկատառումները Պեկինին մղել են ընդլայնելու արտերկրում ենթակառուցվածքային գործունեությունն ու դիվանագիտական կապերը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նավահանգիստների, տրանսպորտային ցանցերի և առևտրային օբյեկտների զարգացման շրջանակ է ստեղծել։ Միաժամանակ չինական պետական ընկերություններն ու զարգացման ծրագրեր ֆինանսավորող բանկերը կապիտալի կարևոր աղբյուր են դարձել ենթակառուցվածքային ներդրումներ փնտրող երկրների համար։
Չինաստանի համար, սակայն, Հնդկական օվկիանոսը միայն առևտրային տարածք չէ։ Այն տարածաշրջան է, որտեղ ավելի սերտ տնտեսական կապերը կարող են դիվանագիտական հնարավորություններ բացել և պայմաններ ստեղծել անվտանգության ոլորտում համագործակցության համար։ Սա չի նշանակում, թե Չինաստանի ֆինանսավորած յուրաքանչյուր նախագիծ ռազմական նպատակ ունի, կամ չինական ներդրումներ ստացող երկրները հրաժարվել են արտաքին քաղաքական ինքնուրույնությունից։ Առավել էական հարցն այն է, թե տնտեսական և քաղաքական կապերի կուտակումը ժամանակի ընթացքում կարո՞ղ է մեծացնել Պեկինի ազդեցությունը փոքր պետությունների ընտրության հնարավորությունների վրա։
Տնտեսական կապեր և ազդեցության ընդլայնում
Մալդիվները այս հարցը հասկանալու օգտակար օրինակ են։ Երկիրը Հնդկական օվկիանոսի կենտրոնական հատվածի կարևոր ծովային ուղիների մոտ է, իսկ զբոսաշրջությունից կախված նրա տնտեսությունը արտաքին ներդրումների և տրանսպորտային կապերի կարիք ունի։ Նախագահ Աբդուլլա Յամինի օրոք Չինաստանն ընդլայնեց իր մասնակցությունը ենթակառուցվածքների զարգացմանը։ Այդ ծրագրերից էր Չինաստան–Մալդիվներ բարեկամության կամուրջը, որը Մալեն կապում է Հուլհումալեի և Հուլհուլեի հետ։
Կամուրջը մայրաքաղաքի շրջանի համար կարևոր տրանսպորտային կապ ապահովեց։ Այն նաև ցույց տվեց, թե փոքրաթիվ բնակչությանը տեսանելի օգուտ բերող ենթակառուցվածքային ծրագրերը որքան գրավիչ կարող են լինել քաղաքական առումով։ Չինաստանի հետ հարաբերություններն այնուհետև ընդլայնվեցին նախագահ Մոհամեդ Մուիզուի օրոք։ Նա իշխանության եկավ 2023-ին՝ քարոզարշավի ընթացքում առաջ մղելով «Հնդկաստանը՝ դուրս» կարգախոսը։ 2024-ի հունվարին Չինաստան կատարած նրա այցի ժամանակ երկու երկրները պայմանավորվեցին հաստատել համապարփակ ռազմավարական համագործակցային գործընկերություն և մի շարք ոլորտներում համագործակցության համաձայնագրեր ստորագրեցին։
Մալդիվներն ունեն իրենց ներքաղաքական մրցակցությունն ու տնտեսական շահերը, իսկ երկրի հաջորդական կառավարությունները փորձել են կառավարել հարաբերությունները և՛ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ։ Այդուհանդերձ, այս հարաբերությունները ցույց են տալիս, թե տնտեսական համագործակցությունն ինչպես կարող է հիմք ստեղծել ավելի լայն ռազմավարական կապերի համար, հատկապես երբ երկիրը ներդրումներ և զարգացման աջակցություն է փնտրում։
Հնդկական օվկիանոսում գործող չինական հետազոտական նավերը ուշադրություն են գրավում, քանի որ գիտական գործունեությունը, ծովային դիտարկումը և ռազմավարական շահերը կարող են հատվել։ Առկա տվյալները պարտադիր չէ, որ հաստատեն, թե Մալդիվներում չինական ենթակառուցվածքների շնորհիվ ռազմական բազա է ստեղծվել։ Բայց դրանք ցույց են տալիս, թե ինչու են ծովային գործունեությունն ու տնտեսական կապերն ավելի հաճախ դիտարկվում միասին։
Դիվանագիտական մրցակցություն Թայվանի շուրջ
Տնտեսական և դիվանագիտական կապերի միջոցով ազդեցությունն ընդլայնելու Չինաստանի մոտեցումը տեսանելի է նաև Խաղաղ օվկիանոսում, որտեղ Պեկինին հաջողվել է մի քանի կղզային պետությունների համոզել դադարեցնել Թայվանի դիվանագիտական ճանաչումը։ 2019-ին Սողոմոնյան Կղզիներն ու Կիրիբատին խզեցին դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և հարաբերություններ հաստատեցին Չինաստանի հետ։ 2024-ի հունվարին նրանց հետևեց Նաուրուն։ Այս որոշումները նվազեցրին Թայվանի պաշտոնական դիվանագիտական ներկայությունը Խաղաղ օվկիանոսում և ցույց տվեցին կղզային պետությունների կարևորությունը Պեկինի ու Թայբեյի մրցակցության մեջ։
Չինաստանի մոտեցումը համադրում է դիվանագիտական ճնշումը տնտեսական օգնության, ենթակառուցվածքների և զարգացման ոլորտում համագործակցության առաջարկների հետ։ Թայվանի շուրջ մրցակցությունը Խաղաղ օվկիանոսի կղզային երկրների հետ Չինաստանի հարաբերությունների առանցքային բաղադրիչ է։ Չինաստանի ֆինանսական ռեսուրսների ծավալը Պեկինին առավելություն է տալիս խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր և ավելի լայն տնտեսական գործընկերություն առաջարկելիս։
Սողոմոնյան Կղզիների դեպքը հատկապես կարևոր է, քանի որ դիվանագիտական ճանաչման փոփոխությանը հաջորդեց Չինաստանի հետ տնտեսական և անվտանգության կապերի ընդլայնումը։ Չինաստանը ֆինանսավորեց Հոնիարայում մեծ մարզադաշտի կառուցումը, իսկ 2022-ին երկու երկրներն անվտանգության համաձայնագիր ստորագրեցին։ Իրադարձությունների այս հաջորդականությունը ցույց է տալիս, թե Չինաստանի արտաքին քաղաքականության շրջանակում տնտեսական կապերը, դիվանագիտական ճանաչումը և անվտանգության ոլորտում համագործակցությունն ինչպես կարող են փոխկապակցվել։
Խաղաղ օվկիանոսի փորձը կարևոր է նաև Հնդկական օվկիանոսի համար, քանի որ ներկայացնում է ավելի լայն դիվանագիտական մոտեցում։ Պեկինի տնտեսական գործընկերությունները կարող են ամրապնդել հարաբերությունները փոքր կղզային պետությունների հետ, իսկ ձևավորված քաղաքական կապերը՝ նպաստել Չինաստանի ավելի լայն ռազմավարական շահերին։ Երկու օվկիանոսների պայմանները տարբեր են, սակայն զարգացման աջակցությունն ու դիվանագիտական ազդեցությունը կապող մեխանիզմն դիտարկման արժանի է երկու տարածաշրջաններում էլ։
Կղզային պետությունների տեղը Չինաստանի ծովային ռազմավարությունում
Հնդկական օվկիանոսի կղզային պետությունների հետ Չինաստանի հարաբերությունները կապված են նաև նրա ավելի լայն ծովային ռազմավարության հետ։ Տարածաշրջանով անցնում են կարևոր նավագնացության ուղիներ, որոնք ելք են ապահովում դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Եվրոպա։ Աշխարհագրական դիրքը կարևոր է Չինաստանի էներգետիկ անվտանգության և արտաքին առևտրի համար, իսկ նավահանգիստներն ու ծովային օբյեկտները առևտրային և նյութատեխնիկական համագործակցության հնարավորություններ են ընձեռում։
Ջիբութիում 2017-ին ստեղծված Չինաստանի արտերկրյա ռազմական օբյեկտը ցույց է տալիս, որ Պեկինը կայուն ռազմական ներկայություն է հաստատել Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում։ Այն աջակցում է չինական ռազմածովային գործողություններին, ծովահենության դեմ առաքելություններին և այլ ռազմական գործունեության։ Դրա գոյությունը չի նշանակում, թե չինական յուրաքանչյուր առևտրային նավահանգիստ նախատեսված է ռազմական գործողություններ սպասարկելու համար։ Սակայն այն ցույց է տալիս, որ տարածաշրջանում Չինաստանի շահերը չեն սահմանափակվում առևտրով։
Հետևաբար, տարածաշրջանի պետությունների մտահոգությունը պարտադիր չէ, որ կապված լինի մեկ չինական ռազմական բազայի կառուցման հետ։ Ավելի կարևոր է ամբողջ տարածաշրջանում Չինաստանի տնտեսական, դիվանագիտական և անվտանգության կապերի ընդլայնման հանրագումարային ազդեցությունը։ Նավահանգիստները, ենթակառուցվածքային ծրագրերը, ծովային համաձայնագրերն ու քաղաքական գործընկերությունները կարող են տարբեր նպատակներ ծառայել, բայց միասին ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել Չինաստանի երկարաժամկետ ներկայության համար։
Սա հատկապես կարևոր է փոքր կղզային պետությունների համար, որոնց կառավարությունները հաճախ ձգտում են կապեր պահպանել արտաքին մի քանի ուժերի հետ։ Չինական ներդրումները կարող են զարգացման արժեքավոր հնարավորություններ տալ, իսկ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը՝ լրացուցիչ ռեսուրսներ և դիվանագիտական աջակցություն։
Հնդկական օվկիանոսի կղզային պետությունների հետ Չինաստանի ընդլայնվող կապերն արտացոլում են տնտեսական, դիվանագիտական և ռազմավարական շահերի համադրությունը։ Ենթակառուցվածքային ներդրումները զարգացման հնարավորություններ են տվել, իսկ ավելի սերտ քաղաքական հարաբերություններն ընդլայնել են Պեկինի ներկայությունը տարածաշրջանում։ Մալդիվներն ու Սեյշելները ցույց են տալիս այդ հարաբերությունների տարբեր կողմերը, իսկ Թայվանի շուրջ Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած զարգացումները՝ այն, թե տնտեսական և դիվանագիտական կապերն ինչպես կարող են փոխադարձաբար ամրապնդվել։
Այս զարգացումները վկայում են, որ տնտեսական գործընկերությունները կարող են ռազմավարական հնարավորություններ ստեղծել, որոնք դուրս են գալիս զարգացման ֆինանսավորման շրջանակից։ Տարածաշրջանի համար առանցքային հարցն այն է, թե փոքր կղզային պետությունները կարո՞ղ են պահպանել բավարար տնտեսական և քաղաքական ինքնուրույնություն՝ միաժամանակ համագործակցելով մի մեծ տերության հետ, որի շահերը Հնդկական օվկիանոսում ավելի ու ավելի կարևոր են դառնում։ Տարածաշրջանի մյուս դերակատարներից դա պահանջում է հետևողական աշխատանք գործընկերների հետ՝ գիտակցելով, որ ազդեցության մրցակցությունը ձևավորվելու է ոչ միայն անվտանգության մտահոգություններով, այլև կղզային պետությունների կառավարությունների համար հասանելի տնտեսական ընտրությամբ։










