«Ինձ ցմահ ազատազրկման դատապարտեք, ազատ արձակեք կին քաղբանտարկյալներին»․ Ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդը՝ Ալիևին

Թալեհ Բաղիրզադեն
Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Բանտարկված «Մուսուլմանական միասնություն» շարժման նախագահ Թալեհ Բաղիրզադեն առաջարկել է ցմահ ազատազրկման դատապարտվել՝ կալանավորված կին լրագրողների և հավատացյալ կանանց ազատ արձակման դիմաց։ Նա այս առաջարկով դիմել է Ադրբեջանի նախագահին՝ նշելով, որ եթե Իլհամ Ալիևը համաձայնի, անձամբ շնորհակալական ուղերձ կուղարկի նրան։
«Մուսուլմանական միասնություն»-ը Ադրբեջանում կրոնական և քաղաքական շարժում է, որը Բաղիրզադեն հիմնել է 2015-ին։ Այն հանդես է գալիս կրոնական ազատության, սոցիալական արդարության և քաղաքական գործընթացներին ավելի լայն մասնակցության օգտին։
Ալիևին ուղղված նամակում Բաղիրզադեն գրել է, որ համաձայն չէ Ադրբեջանի՝ իր բնորոշմամբ «անառողջ կառավարման» հետ, որը, նրա խոսքով, տարիներ շարունակ վարում է Ալիևը։
«Պարոն Ալիև։ Դուք բոլորից լավ գիտեք, որ տարիներ շարունակ մենք իրավացիորեն կոշտ քննադատել ենք ճնշումների միջոցով կառավարող ձեր իշխանությանը և երբեք չենք ընդունի ձեր անառողջ կառավարումը։ Իհարկե, մենք լիովին պատրաստ ենք դրա համար ծանր գին վճարել և բողոք չունենք։ Սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած որոշ տհաճ իրադարձություններ, մտածեցինք, որ գուցե երկար տարիներից հետո կարողանանք գոնե մեկ հարցում համաձայնության գալ ձեզ հետ»,- գրել է Բաղիրզադեն։
Առաջարկվող պայմանավորվածության շրջանակում Բաղիրզադեն Ալիևին խնդրել է խստացնել իր պատիժը՝ դրա դիմաց ազատ արձակելով կին բանտարկյալներին, մասնավորապես՝ լրագրողներին և հավատացյալ կանանց։
«Դուք իմ 20 տարվա ազատազրկումը կփոխարինեք ցմահ ազատազրկմամբ։ Ձեր հրամանով ամենախիստ պատիժը սահմանում եք իմ երկու անչափահաս երեխաների նկատմամբ, ցանկության դեպքում կարող ենք ավելացնել նաև մյուս երկու անչափահաս երեխաներիս, և այս ամենի վերաբերյալ որևէ բողոք չենք ունենա։ Փոխարենը մեր միակ խնդրանքն է՝ ազատ արձակեք այն խիզախ կին լրագրողներին և գլխաշոր կրող կանանց, որոնց շինծու մեղադրանքներով բանտարկել եք միայն իրենց հետաքննությունների և գործունեության համար»,- գրել է նա։
Բաղիրզադեն նշել է, որ եթե նախագահն ազատ արձակի կին բանտարկյալներին, ինքը շնորհակալական նամակ կուղարկի Ալիևին։
Բաղիրզադեն այժմ 20 տարվա ազատազրկման պատիժ է կրում։ 2017-ին նա մեղավոր էր ճանաչվել, ի թիվս այլ մեղադրանքների, Ադրբեջանի սահմանադրական կարգը փոխելու փորձի համար։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ են համարում։
Նրա երկու անչափահաս որդիները՝ Մահամադհասան և Մահամադհուսեյն Բաղիրզադեները, նույնպես վերջերս քրեական մեղադրանքների են բախվել՝ ապրիլի 7-ին Բաքվի դպրոցներից մեկում տեղի ունեցած ենթադրյալ ծեծկռտուքի առնչությամբ։
Ընտանիքի խոսքով՝ դպրոցական բակում, որտեղ սովորում են դեռահասները, վեճ է սկսվել այն բանից հետո, երբ ավագ աշակերտներից մեկը վիրավորական արտահայտություններ է օգտագործել։ Մահամադհուսեյն Բաղիրզադեն փորձել է միջամտել և կանգնեցնել նրանց, ինչից հետո իրավիճակը սրվել է։ Ընտանիքի տվյալներով՝ վեճն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի։
Ընտանիքի պատմածով՝ Մահամադհասան Բաղիրզադեն միջամտել է, երբ տեսել է, որ երկու հոգի ծեծում են եղբորը։ Ընտանիքի խոսքով՝ միջադեպի հետևանքով մյուս կողմի մասնակիցներից մեկի քիթը կոտրվել է։
Ընտանիքը կարծում է, որ միջադեպը միտումնավոր կազմակերպվել է՝ որպես սպառնալիք Թալեհ Բաղիրզադեի և նրա ընտանիքի դեմ։











