Հյուսիսային Օսիան մեղմացրել է Ուկրաինայում կռված վետերանների՝ պետական ծառայության անցնելու պահանջները

«Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակիցները
Լուսանկարը՝ TASS-ից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հյուսիսային Օսիայի խորհրդարանն ընդունել է փոփոխություններ, որոնք նվազեցնում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին մասնակցած նախկին զինծառայողների համար պետական ծառայության անցնելու աշխատանքային փորձի պահանջները։
Սեպտեմբերի 24-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունված փոփոխություններով՝ ամենաբարձր պաշտոնների համար պահանջվող փորձը նախկին զինծառայողների դեպքում չորս տարուց կրճատվել է երեքի, իսկ մյուս բարձր պաշտոնների համար՝ երկու տարուց մեկի։ Պետական ծառայության ավելի ցածր պաշտոնների համար աշխատանքային փորձի պահանջ չկա։
Սա առաջին քայլը չէ, որով Հյուսիսային Օսիան փորձում է հեշտացնել նախկին զինծառայողների մուտքը պետական և համայնքային ծառայություն։
2025-ի դեկտեմբերին հանրապետությունն արդեն նվազեցրել էր համայնքային պաշտոնների հավակնող նախկին զինծառայողների աշխատանքային փորձի պահանջները․ բարձրագույն պաշտոնների համար սահմանվել էր նվազագույնը երկու տարվա, իսկ ավագ պաշտոնների համար՝ մեկ տարվա փորձ, մինչդեռ մյուս մակարդակների համար պահանջներն ամբողջությամբ վերացվել էին։
Բացի այդ, 2025-ի փետրվարին Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հաստատել էր «Օսիայի քաջություն» ծրագիրը։ Դրա հայտարարված նպատակն է նախկին զինծառայողներին նախապատրաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև պետական ու հասարակական կազմակերպություններում աշխատանքի համար։ Ծրագրի նպատակների թվում հատուկ նշվում է հեռանկարային նախկին զինծառայողների բացահայտումը՝ հետագայում պետական և տեղական կառույցներում աշխատանքի անցնելու համար։
Հանրապետությունում նախկին զինծառայողների՝ բարձր պաշտոնների առաջին նշանակումները տեղի ունեցան 2024-ի դեկտեմբերին, երբ Սերգեյ Կանուկովը նշանակվեց Միխայլովսկոյե գյուղի մասնագիտացված դպրոցի տնօրեն։
2026-ի հունիսին «Հերոսների ժամանակը» ծրագրի՝ նախկին զինծառայողների առաջխաղացման համար ստեղծված ռուսական ծրագրի մասնակից Իլյա Ագապովը նշանակվեց Հյուսիսային Օսիայի դաշնային տեսուչ՝ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատակազմում։ Ագապովը «Արիության» երկու շքանշանի դափնեկիր է։ 2024-ին նա ընդգրկվել էր նախկին զինծառայողներին պետական կառավարման ոլորտում աշխատանքի նախապատրաստող նախագահական ծրագրի առաջին հոսքում։
Մեկ այլ նախկին զինծառայող՝ Ստանիսլավ Ձգոևը, 2025-ի աշնանը դարձավ Վլադիկավկազի բազմապրոֆիլ տեխնիկական ուսումնարանի ղեկավար։ Նախկինում նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Ներքին գործերի նախարարությունում, ինչպես նաև շինարարության և տրանսպորտի ոլորտներում։ Ձգոևը նաև Վլադիկավկազի քաղաքային խորհրդարանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է։
2025-ի մայիսին «Հերոսների ժամանակը» ծրագրի մեկ այլ մասնակից՝ Յուրի Աբաևը, նշանակվեց Հյուսիսային Օսիայի աշխատանքի նախարար։ Մինչ նշանակումը նա փոխգնդապետ էր և 70-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալը։ Աբաևը 2022-ի մարտից Ռուսաստանի կողմից կռվել է Ուկրաինայում Մոսկվայի լայնածավալ պատերազմի շրջանակում և 2024-ի փետրվարին ստացել Ռուսաստանի հերոսի կոչում։
Աբաևին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։ 2024-ի հունիսին Ուկրաինայի պաշտպանության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր, որ Չեչնիայում տեղակայված 70-րդ մոտոհրաձգային գնդի զինծառայողները ներգրավված են եղել Զապորոժիեի մարզի Ռոբոտինեի մոտ չորս ուկրաինացի ռազմագերիների սպանության մեջ։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ սպանությունների պահին գունդը ղեկավարում էր Աբաևը։ Ռուսաստանի իշխանություններն ու Աբաևը հրապարակայնորեն չեն մեկնաբանել մեղադրանքները։
Նույն գործով մեկ այլ կասկածյալ՝ Թեմիրլան Աբութալիմովը, հետագայում կարիերա է շարունակել Դաղստանում։ 2025-ի սեպտեմբերին նա նշանակվեց Ազգային քաղաքականության և կրոնի հարցերով նախարարի պաշտոնակատար։ Մինչ այդ Աբութալիմովը նույնպես մասնակցել էր «Հերոսների ժամանակը» ծրագրին։
Նախկին զինծառայողները զգալի ներկայացվածություն են ստացել նաև «Եդինայա Ռոսիա»-ի նախնական ընտրություններում։ Հյուսիսային Օսիայում Վլադիկավկազի քաղաքային խորհրդարանի թեկնածուների 2024-ի նախնական ընտրության առաջատար տեղերից հինգը զբաղեցնում էին նախկին զինծառայողներ Իգոր Ցոևը, Ստանիսլավ Ձգոևը, Թայմուրազ Սալամովը, Ռուսլան Օստաևը և Ասլան Կազիևը։
2026-ին «Եդինայա Ռոսիա»-ն շարունակել է պատերազմի մասնակիցներին առաջ մղել նախնական ընտրությունների միջոցով։ Ռուսական անկախ 7x7 («Հորիզոնական Ռուսաստան») լրատվամիջոցի հաշվարկներով՝ 2026-ին պատերազմի 478 մասնակից մասնակցել է կուսակցության նախնական ընտրություններին, որոնցից 43-ը տեղ են ստացել տարածաշրջանային ցուցակներում կամ միամանդատ ընտրատարածքներում։ Ռուսական անկախ Meduza-ն կուսակցության նախնական ընտրությունների համակարգում հայտնաբերել է 1172 հավանական թեկնածուի, որոնք հայտարարել են, թե Ուկրաինայում կռվել են Ռուսաստանի կողմից։
Հարկ է նաև նշել, որ կուսակցական համակարգում «հատուկ ռազմական գործողության մասնակից» ձևակերպումը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի լայնածավալ ներխուժման համար օգտագործվող տերմինը, միշտ չէ, որ նշանակում է մարտական գործողություններին անմիջական մասնակցություն։ Ռուսական անկախ iStories-ը հայտնաբերել է առնվազն 17 դեպք, երբ «Եդինայա Ռոսիա»-ի նախնական ընտրություններին մասնակցող թեկնածուները նման կարգավիճակ են նշել, թեև ակտիվ մարտերի չեն մասնակցել։ Որոշ դեպքերում նրանց աշխատանքը կապված է եղել պատերազմի հետ, օրինակ՝ ռազմագերիների փոխանակումների կազմակերպման կամ պատերազմի գոտի այցելությունների միջոցով։
Պահանջները նվազեցնելու Հյուսիսային Օսիայի որոշումը բացառիկ չէ։ Նման փոփոխություններ 2025-2026-ին ընդունվել կամ նախապատրաստվել են Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում, այդ թվում՝ Ստավրոպոլի երկրամասում, որտեղ 2026-ի հուլիսին նախկին զինծառայողների համար պետական ծառայության բարձր պաշտոնների աշխատանքային փորձի պահանջը կրճատվել է մինչև մեկ տարի։
Կազմակերպություն
Տեղադրություն











