ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի կողմից դիրքային կամ տարածքային զիջումների մասին վերջին օրերին տարածվող տեղեկությունները։
Փոխվարչապետի գրասենյակը այդ տեղեկություններին արձագանքել է «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
Վերջին երկու օրերին շրջանառվում էին տեղեկություններ, թե Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրքեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ տեղեկությունն անվանել էր «հերթական հերյուրանք»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հերքել է նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը համակարգող պաշտոնյաներից է։












