Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ավստրալիան Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման հետ կապված պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ է կիրառել Ախմատ Կադիրովի հիմնադրամի նկատմամբ։ Ավելի վաղ Ավստրալիան պատժամիջոցներ էր սահմանել նաև հիմնադրամի ղեկավար Այմանի Կադիրովայի՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մոր նկատմամբ։
Կադիրովի հիմնադրամը Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի հետ կապվող բազմաթիվ նոր թիրախների թվում է։ Ցանկում ներառվել են նաև երեխաների «ռազմահայրենասիրական դաստիարակության» կենտրոններ, իշխանամետ երիտասարդական կազմակերպություններ, մի շարք բանկեր, սպորտային պաշտոնյաներ, Մորդովիայի թիվ 10 քրեակատարողական գաղութի ղեկավարությունը, որտեղ պահվում են ուկրաինացի ռազմագերիներ, պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում նշանակված անձինք, ինչպես նաև ռազմական գործարաններ։ Ընդհանուր առմամբ Ավստրալիան ցուցակում ավելացրել է 35 կազմակերպություն, 33 անձ և 38 նավ։
Հիմնադրամի ղեկավար Այմանի Կադիրովան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի պատժամիջոցների տակ է 2025-ի փետրվարից։ Այն ժամանակ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե նույնիսկ չգիտի՝ որտեղ են գտնվում այդ երկրները՝ պնդելով, որ իր մայրը միայն Հաջ է մեկնում, իսկ մնացած ժամանակ «տանն է մնում» իր գյուղում և բարեգործությունից բացի «ոչինչ չի անում»։
Ավստրալիայի իշխանությունները հիմնադրամը պատժամիջոցների ցուցակում ներառելու վերաբերյալ առանձին հիմնավորում չեն հրապարակել։ Սակայն երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումը կապված է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքի հետ։
Կադիրովը, մինչդեռ, պնդում է, որ պատժամիջոցները սահմանվել են Գազայի հատվածի բնակիչներին հիմնադրամի տրամադրած մարդասիրական օգնության պատճառով։ Նրա խոսքով՝ հիմնադրամը Գազայում երեք մարդասիրական արշավ է իրականացրել՝ օգնություն տրամադրելով «միլիոնավոր կարիքավորների»։ Պաղեստինյան ինքնավարության վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024-ի վերջին Գազայի ամբողջ բնակչությունը կազմել է 2,1 միլիոն մարդ։
Ախմատ Կադիրովի հիմնադրամը ստեղծվել է 2004-ին՝ պաշտոնապես բարեգործական և սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Սակայն Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո հիմնադրամի հրապարակայնորեն ներկայացվող ծախսերի զգալի մասը ուղղվել է ռուսական զորքերին և պատերազմի հետ կապված ծրագրերին աջակցելուն։
Փետրվարին Չեչնիայի կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը հայտարարել էր, որ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր հիմնադրամը Ուկրաինայի պատերազմին հատկացրել է 43,3 միլիարդ ռուբլի՝ մոտ 520 միլիոն դոլար։ Միաժամանակ հիմնադրամի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ 2025-ի վերջին դրա ընդհանուր ակտիվները կազմել են 2,78 միլիարդ ռուբլի՝ մոտ 33 միլիոն դոլար։ 2024-ին հիմնադրամը հայտնել է 824,8 միլիոն ռուբլու՝ մոտ 10 միլիոն դոլարի նոր եկամտի մասին։ Հրապարակայնորեն չի բացատրվել, թե ինչ աղբյուրներից են ստացվել այն միջոցները, որոնք հնարավորություն են տվել պատերազմի համար միլիոնավոր դոլարների հասնող ծախսեր կատարել։
Տեղական անկախ «Կավկազսկի ուզել» լրատվամիջոցը դեռ 2019-ին հաղորդել էր Չեչնիայում պետական հատվածի աշխատակիցներից և գործարարներից պարտադիր նվիրատվություններ հավաքելու մասին պնդումների վերաբերյալ։
Ավստրալիան միացել է արևմտյան մի շարք այլ երկրներին, որոնք արդեն պատժամիջոցներ են սահմանել հիմնադրամի նկատմամբ։ ԱՄՆ-ը դա արել է 2020-ին, ԵՄ-ն՝ 2024-ին, իսկ Կանադան և Մեծ Բրիտանիան՝ 2025-ին։ Վերջին երեքը որպես պատժամիջոցների պատճառներից մեկը նշել են կազմակերպության ենթադրյալ ներգրավվածությունը ուկրաինացի երեխաների «վերադաստիարակման» ծրագրերում։












