Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Աբխազիայի իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին երկու ռուսաստանցի հարձակվել են Գերագույն դատարանի դատավորի վրա, որի անունը չի հրապարակվել։ Սկզբում ենթադրյալ հարձակվողների նկատմամբ, որոնք, ըստ հաղորդումների, քարեր էին նետել դատավորի ուղղությամբ, քրեական գործ չէր հարուցվել, սակայն տեղական Aiashara Telegram-ալիքի հրապարակումից հետո առաջացած հասարակական վրդովմունքի ֆոնին իշխանությունները հայտարարել են, որ դեպքը կքննվի որպես քրեական հանցագործություն։
Թեև իշխանությունները չեն հրապարակել տուժածի անունը, հաստատել են, որ նա ծնվել է 1981-ին և հարձակումից հետո բուժօգնություն է ստացել Հանրապետական հիվանդանոցում։ Նրա մոտ ախտորոշվել է գլխի փակ վնասվածք, ձախ աչքի սալջարդ և վերին կոպի պատռված-սալջարդային վերք։
Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 21:00-ին՝ Սուխումի Թուրբազա թաղամասում՝ Կոդորի մայրուղու վրա, որտեղ անձինք դատավորի ուղղությամբ նետել են «բութ առարկաներ՝ ենթադրաբար քարեր»։
«Դեպքի վայր ժամանած օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են Աբխազիայում ժամանակավորապես բնակվող երկու քաղաքացիների՝ 2000-ին ծնված Սերգեյ Վասիլևիչ Բեսոնովին, որը Արխանգելսկի մարզի Գորոդիշչենսկայա գյուղի բնակիչ է, և 1998-ին ծնված Յուրի Իվանովիչ Չուդինին, որը գրանցված է Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքում»,- ասվում է տեղի ոստիկանության հայտարարությունում։
Երկու կասկածյալները՝ Չուդինն ու Բեսոնովը, հրաժարվել են թմրամիջոցների օգտագործման թեստ հանձնել և դատապարտվել 15-օրյա վարչական կալանքի։
Ոստիկանության առաջին հաղորդագրության համաձայն՝ սկզբում քրեական գործ չէր հարուցվել։
Սոցիալական ցանցերում այս որոշումը մեծ վրդովմունք էր առաջացրել։ Telegram-ի օգտատերերից մեկը հեգնանքով գրել է. «Կնոջ վրա քարեր նետելն ընդամենը վարչական իրավախախտո՞ւմ է։ Գուցե հաջորդ անգամ անելու համար էլ մեդալ տան»։
Մեկ այլ օգտատեր գրել է. «Ինչո՞ւ պետք է երկուսով կնոջ ծեծեին։ Լիովին խելքները կորցրե՞լ են։ 15 օրը քիչ է՝ պետք էր մի քանի տարով փակել»։
Հանրային արձագանքից հետո իշխանությունները հայտարարել են, որ հարձակումը կքննվի որպես քրեական հանցագործություն՝ վկայակոչելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ու դատավորի վնասվածքների ծանրությունը։ Գլխավոր դատախազության էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ Բեսոնովին և Չուդինին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և սպանության սպառնալիքի համար։ Հետաքննությունը շարունակվում է։ Բեսոնովն ու Չուդինը հրապարակայնորեն չեն մեկնաբանել իրենց դեմ առաջադրված մեղադրանքները։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












