Գլխավոր Լրահոս

Վրացի ընդդիմադիր ակտիվիստ Գելա Խասաիան ազատ է արձակվել

Գելա Խասաիան

Գելա Խասաիան

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրացի ընդդիմադիր ակտիվիստ Գելա Խասաիան Սեպտեմբերի 29-ի առավոտյան ազատ է արձակվել բանտից՝ մայիսին մեղքի ընդունման համաձայնագիր կնքելուց հետո։ Նա ձերբակալվել էր 2025-ին՝ Թբիլիսիում մեկ այլ անձի՝ Վասիլ Քերդիկոշվիլիի հետ ենթադրաբար ծեծկռտուքի մեջ ներգրավվելու համար։ Քերդիկոշվիլին նույնպես ազատ է արձակվել նմանատիպ համաձայնագրի շրջանակում։

29-ամյա Խասաիային առավոտյան բանտի մոտ դիմավորել են ընկերները, ընտանիքի անդամներն ու այլ աջակիցներ։ Ակտիվիստը լրագրողներին ասել է, որ «շարունակելու է անել այն, ինչ անում էր մինչև ձերբակալությունը»՝ ակնհայտորեն նկատի ունենալով իր հակաիշխանական գործունեությունը։

«Ես պայմանական պատիժ եմ կրում, և ցանկացած բանի համար կարող են ինձ կրկին բանտ ուղարկել։ Չեմ ուզում ռոմանտիկացնել բանտը, բայց այն, ինչ անում եմ, այնքան կարևոր է ինձ համար, որ դրա պատճառով չեմ պատրաստվում լքել երկիրը, տանը փակվել կամ ուրիշ զբաղմունք գտնել»,- նրա խոսքերը մեջբերել է «Ազատություն» ռադիոկայանը։

Գելա Խասաիային 2026-ի հոկտեմբերի 29-ին ազատ արձակվելուց հետո դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերներն ու այլ աջակիցներ
Գելա Խասաիային 2026-ի հոկտեմբերի 29-ին ազատ արձակվելուց հետո դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերներն ու այլ աջակիցներ

«Գիրչի՝ ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության անդամ Խասաիան Քերդիկոշվիլիի հետ ձերբակալվել էր 2025-ի սեպտեմբերի 29-ին։ Նրան մեղադրում էին սեպտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Թամար Մեփեի պողոտայի մոտ, Ռամազ Չադունելի անունով տղամարդու վրա հարձակվելու մեջ։ Քննության վարկածով՝ մեղադրյալները ոտքերով հարվածել էին Չադունելիին և կոտրել նրա դաստակը։

Սկզբում երկու տղամարդկանց նկատմամբ քննություն էր ընթանում դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով, որը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Ավելի ուշ մեղադրանքը վերաորակավորվեց խմբի կազմում դիտավորությամբ առողջությանը պակաս ծանր վնաս պատճառելու, որի համար նախատեսվում է չորսից վեց տարվա ազատազրկում։

Կալանքի տակ գտնվելու ընթացքում Խասաիան հայտնել էր նվաստացուցիչ վերաբերմունքի մասին՝ նշելով, որ խուզարկությունների ժամանակ իրեն երկու անգամ ամբողջությամբ մերկացրել են։ Գործը վարող դատախազ Մարիամ Ծուլաիան հերքել էր, որ ակտիվիստը անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել։

Պաշտպանական կողմը վիճարկել էր մեղադրանքի որակումը՝ Խասաիայի ձերբակալությունից կարճ ժամանակ անց պնդելով, որ ենթադրյալ ֆիզիկական հարձակման պահին նա դեպքի վայրում չի եղել, սակայն ականատես է եղել տղամարդկանց միջև բանավոր վեճի։ Պաշտպանությունը չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցել այդ վեճին կամ ինչն է դրա պատճառը եղել։ Մեղադրյալները նույնպես պնդել են, որ միմյանց չեն ճանաչում։

Ի վերջո, Գլխավոր դատախազությունը համաձայնել է մեղքի ընդունման համաձայնագրի, որի պարտադիր նախապայմանը մեղքն ընդունելն է։ Խասաիան և Քերդիկոշվիլին դատապարտվել են չորս տարվա ազատազրկման՝ մեկ տարին բանտում անցկացնելու պայմանով, որը հաշվվել է ձերբակալության օրվանից, իսկ մնացած երեք տարին սահմանվել է պայմանական։

Ազատ արձակվելուց հետո Խասաիան ասել է, որ համաձայնել է գործարքին, քանի որ իրեն առաջադրված մեղադրանքները կապված չեն եղել բողոքի ակցիաներին մասնակցելու հետ։

«Անձամբ ինձ համար ընդհանրապես կարևոր չէ՝ ինձ հարձակվող կանվանեն, թե ոչ։ Բայց նրանք չեն կարողանա ինձ օգտագործել իրենց քարոզչության համար։ Չեն կարողանա ասել, որ իմ արածը բողոքի ակցիայի մաս էր, որ, օրինակ, ես ոստիկանի եմ ծեծել ու դա ընդունել եմ»,- ասել է Խասաիան։

Խասաիայի գործընկերները հենց սկզբից նրա գործը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորել։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում