Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ամերիկյան լրատվական կազմակերպություններն ու պետական պաշտոնյաները կոչ են անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրողներ Ուլվիյա Ալիին և Ֆարիդ Մեհրալիզադեին: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը ձգտում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։
Ալին աշխատել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցում։ Նա ձերբակալվել է 2025-ի մայիսին՝ Meydan TV-ի գործի շրջանակում։ Ալին հերքում է մեղադրանքները և պնդում, որ թիրախավորվել է իր լրագրողական գործունեության պատճառով։
Տնտեսագետ և լրագրող Մեհրալիզադեն, որն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում (RFE/RL), ձերբակալվել է 2024-ի մայիսին։ Նա դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ արժույթի մաքսանենգության, ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։ Դատավճիռը կայացվել է անկախ Abzas Media լրատվամիջոցի դեմ գործի շրջանակում։
Abzas Media-ի գործով յոթ անձանց մեղադրանք է առաջադրվել արժույթի մաքսանենգության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու համար, իսկ Meydan TV-ի գործով 12 անձի նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել՝ մաքսանենգության և ֆինանսական հանցագործությունների համար։ Մեղադրյալները հայտարարել են, որ մեղադրանքներն անմիջականորեն կապված են իրենց լրագրողական գործունեության հետ։
Երկու լրագրողների ազատազրկումը, ինչպես նաև կալանքի տակ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները միավորել են ԱՄՆ-ում գործող մի շարք խմբերի, որոնք հանդես են գալիս նրանց ազատ արձակման օգտին։ Խմբում ներգրավված են «Ամերիկայի ձայնի», RFE/RL-ի գործող և նախկին աշխատակիցներ, ինչպես նաև Վիրջինիայում գործող լրագրողների անվտանգության հարցերով MediaSafe կազմակերպությունը, որը ղեկավարում է Էրիկ Ֆիլիպսը։
«Ամերիկայի ձայնի» փոխտնօրեն Քրիս Ուոլեսը Վաշինգտոնում գործող Washington Examiner-ին ասել է, որ նպատակը Ալիին և Մեհրալիզադեին օգնելու ջանքերում ԱՄՆ պետական կառույցների համերաշխությունը ցույց տալն է։
Աշխատանքային խումբը նաև մասնակցել է ռազմավարությունների մշակմանը, որոնք պետք է մեծացնեն լրագրողների ազատ արձակման հնարավորությունը։ «Ամերիկայի ձայնի» ներքին փաստաթղթի համաձայն՝ թե՛ Ալին, թե՛ Մեհրալիզադեն համաձայնել են ազատ արձակվելու դեպքում հեռանալ Ադրբեջանից, և աշխատանքային խումբը աջակցում է այդ քայլին։
ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Ռիգասը Washington Examiner-ին ասել է, որ գործակալությունը դիվանագիտական, իրավական և հանրային քարոզչության ուղիներով փորձում է հասնել Ադրբեջանում և այլ երկրներում կալանավորված լրագրողների, այդ թվում՝ Ալիի և Մեհրալիզադեի ազատ արձակմանը։
Թերթի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ադրբեջանի հարցերով խմբի համանախագահներ՝ Թենեսիից դեմոկրատ Սթիվ Քոհենը և Ալաբամայից հանրապետական Ռոբերտ Ադերհոլտը, անցած ամիս նամակ են ուղարկել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին։ Ըստ հաղորդումների՝ նրանք խնդրել են դեսպանին ներկայացնել իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ և մտահոգություն են հայտնել լրագրողների ազատազրկման կապակցությամբ։
Հաղորդվում է, որ Սպիտակ տունը, որը ձգտում է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, նույնպես հաշվի է առել այս հարցը։ RFE/RL-ի տվյալներով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս տարվա սկզբին Բաքու կատարած այցի ընթացքում բարձրացրել է երկու լրագրողների կալանավորման հարցը։ Չնայած միջազգային ճնշմանը՝ Բաքուն մինչ այժմ որևէ դրական ազդակ չի տվել այս հարցում։
«Նրանք բացարձակապես լռում են»,- Բաքվի արձագանքի մասին հարցին Washington Examiner-ին ասել է MediaSafe-ի ղեկավար Ֆիլիպսը։
Թերթը հաղորդել է, որ թեև Ադրբեջանի կառավարությունն ուղղակիորեն չի պատասխանել Ալիի և Մեհրալիզադեի վերաբերյալ հարցերին, լրագրողների քրեական հետապնդման շուրջ միջազգային քննադատությունը բնութագրել է որպես «թե՛ անհիմն, թե՛ անպատասխանատու»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը տարբերվում է իր նախորդի քաղաքականությունից։
Ջո Բայդենի նախագահության օրոք Վաշինգտոնը բազմիցս մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի գործողությունների, այդ թվում՝ տարածաշրջանի դեմ վերջին հարձակման, Լաչինի միջանցքի շրջափակման, ինչպես նաև երկրում լրագրողների և իշխանությունների քննադատների նկատմամբ ճնշումների կապակցությամբ։ Թրամփի վարչակազմն ավելի մեծ ուշադրություն է դարձրել Բաքվի հետ կապերի ամրապնդմանը, այդ թվում՝ անվտանգության և տնտեսական համագործակցության ու բարձր մակարդակի շփումների միջոցով։ Վարչակազմը նաև քայլեր է ձեռնարկել 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումները մեղմելու ուղղությամբ։ Դրանք երկար ժամանակ տարաձայնությունների պատճառ են եղել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում։
Ադրբեջանի կառավարությունն իր հերթին հարաբերությունների վատթարացումը կապել է Լեռնային Ղարաբաղի հարցում Վաշինգտոնի քաղաքականության, մարդու իրավունքների վերաբերյալ նրա քննադատության, ինչպես նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի կիրառման հետ։
2023-ի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում ավելի քան 30 լրագրող և քաղաքացիական հասարակության ակտիվիստ է ձերբակալվել մի շարք գործերով՝ ենթադրյալ մաքսանենգության մեղադրանքներով։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կազմած ցուցակների համաձայն՝ Ադրբեջանի բանտերում ներկայում պահվում է 328 լրագրող, քաղաքական գործիչ և ակտիվիստ։












