Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Թալիշ ակտիվիստ Հաֆիզ Իսմայիլովը, որը 25 տարի ապրել է Ռուսաստանում, ըստ հաղորդումների՝ ձերբակալվել է Ադրբեջանում՝ սոցիալական ցանցերում մի շարք թալիշ ակտիվիստների ձերբակալությունները քննադատելու համար։
Անկախ Meydan TV լրատվամիջոցին տված հարցազրույցում մեկ այլ ակտիվիստ՝ Ալի Աղաևը, Իսմայիլովի ձերբակալությունը կապում է Ադրբեջանում թալիշ ակտիվիստների և հետազոտողների կալանավորումները քննադատելու հետ։ Նրա գործը հաջորդում է արտերկրում բնակվող մի շարք թալիշ ակտիվիստների վերջին ձերբակալություններին և Ադրբեջան արտահանձնումներին, այդ թվում՝ Իգբալ Աբիլովի, Զահերադդին Իբրահիմովի և Քամալ Իսաևի դեպքերին։
Աղաևը Meydan TV-ին ասել է, որ Իսմայիլովը վերջերս մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու հոր մահվան տարելիցին, և սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է նրան։
Աղաևի խոսքով՝ ձերբակալության մասին տեղեկությունը հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 27-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Իսմայիլովին կարող է սպառնալ երկուից հինգ տարվա ազատազրկում։
Ձերբակալությունը հրապարակայնորեն չի մեկնաբանվել։
Աղաևը Իսմայիլովի կալանավորումը կապում է սոցիալական ցանցերում նրա քննադատական գրառումների, մասնավորապես՝ վերջին տարիներին Ադրբեջանում թալիշ ակտիվիստների և հետազոտողների ձերբակալությունների վերաբերյալ քննադատության հետ։
Իսմայիլովը 25 տարի ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է իրավապահ համակարգում, իսկ հինգ տարի առաջ թոշակի է անցել։
Վերջին տարիներին մի քանի դեպք է գրանցվել, երբ արտերկրում բնակվող թալիշ ակտիվիստներն ու հետազոտողները ձերբակալվել են Ադրբեջան մեկնելուց հետո կամ արտահանձնվել այնտեղ։
Թալիշ հետազոտող և ակտիվիստ Իգբալ Աբիլովը, որը բնակվում էր Բելառուսում, ձերբակալվել էր 2024-ի հուլիսին Ադրբեջան մեկնելուց հետո։ 2025-ի մայիսին նա մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ պետական դավաճանության համար, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։
2025-ի մարտին Ռուսաստանում բնակվող պատմաբան Զահերադդին Իբրահիմովը արտահանձնվել է Ադրբեջան և կալանավորվել պետական դավաճանության մեղադրանքով։ Իբրահիմովը YouTube-ում թալիշերեն հաղորդում էր վարում և թալիշական մշակույթի կենտրոնի հիմնադիրներից մեկն էր։ Նույն տարվա նոյեմբերին Ռուսաստանում բնակվող ակտիվիստ Քամալ Իսաևը Թուրքիա բուժման մեկնելու ճանապարհին արտահանձնվեց Ադրբեջան։ Սեպտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտեց ութուկես տարվա ազատազրկման։
Իսաևը մեղավոր է ճանաչվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պետության դեմ հրապարակային կոչերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված խորհրդանիշների տարածման, ինչպես նաև ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու համար։












