Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունն Իտալիայում ընդլայնում է իր ներկայությունը նավթի և գազի ոլորտներից դուրս՝ երկարաժամկետ գործընկերություն սկսելով երկրի ֆուտբոլի ազգային հավաքականների հետ և միանալով իտալական բենզալցակայաններում վառելիքի գների սահմանափակման նախաձեռնությանը։
Ադրբեջանն ու Իտալիան ձգտում են խորացնել տնտեսական կապերը՝ դուրս գալով երկարամյա էներգետիկ գործընկերության շրջանակներից։ Իտալիայում SOCAR-ի աճող ներկայությունը հաջորդել է 2026-ին էներգետիկ Italiana Petroli ընկերության ձեռքբերմանը։ Բաքուն և Հռոմը նաև համագործակցություն են զարգացնում ներդրումների, արդյունաբերության, տրանսպորտի, կապակցվածության և տեխնոլոգիաների ոլորտներում։
Սեպտեմբերի 26-ին SOCAR-ը և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնագիր են ստորագրել, որով ադրբեջանական ընկերությունը 2027-ի հունվարից մինչև 2030-ի դեկտեմբեր կդառնա Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների գլոբալ էներգետիկ գործընկերը։ Համաձայնագիրը հնարավոր կլինի երկարաձգել մինչև 2032-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում անցկացվող Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի շրջանակում։
Սեպտեմբերի 28-ին SOCAR-ը նաև համաձայնել է հետևել իտալական Eni ընկերության սահմանած վառելիքի գների առավելագույն շեմերին՝ ծրագրին մասնակցող IP բենզալցակայաններում դիզելի մեկ լիտրի գինը սահմանելով 2,19 եվրո՝ 2,49 դոլար, իսկ բենզինինը՝ 1,99 եվրո՝ 2,26 դոլար։ Այսպես Իտալիայի կառավարությունը փորձում է զսպել վառելիքի գների աճը։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ողջունել է ընկերությունների քայլերը և որոշման համար X-ում շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Էներգետիկան շարունակում է մնալ Ադրբեջանի և Իտալիայի տնտեսական հարաբերությունների հիմքը։ Ալիևի տվյալներով՝ Իտալիան Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն է, իսկ երկկողմ առևտրաշրջանառությունը 2025-ին հասել է մոտ 12 միլիարդ դոլարի։
2025-ին Ադրբեջանն արտահանել է 25 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից 9,5 միլիարդ խորանարդ մետրը՝ Իտալիա։ Գազը մատակարարվում է Տրանսադրիատիկ գազատարով, որը Հարավային գազային միջանցքի կարևոր հատվածներից է։ Բաքուն և Հռոմը քննարկել են Իտալիա գազի մատակարարումների ավելացումն ու գազատարի հետագա ընդլայնումը։
Ադրբեջանը շարունակում է նաև հում նավթի խոշոր մատակարար լինել Իտալիայի համար։ Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2025-ին Իտալիան Ադրբեջանից ստացել է 10,34 միլիոն տոննա նավթ և 9,5 միլիարդ խորանարդ մետր գազ։
2026-ի հունվարի դրությամբ TAP-ով Եվրոպա է տեղափոխվել 54,3 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, որից 45,4 միլիարդ խորանարդ մետրը՝ Իտալիա։
Մայիսին Մելոնիի Բաքու կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Իտալիայի տնտեսությունում ներդրել է մոտ 3 միլիարդ դոլար, և կողմերը քննարկում են նոր ծրագրերում լրացուցիչ ներդրումներ ուղղելու հնարավորությունը։ Նա նաև ասել էր, որ Ադրբեջանում գործում է մոտ 130 իտալական ընկերություն, իսկ իտալական ընկերությունները ներգրավված են Լեռնային Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող 23 ծրագրերում։
Այցի ընթացքում Մելոնին հայտարարել էր, որ 2026-ի երկրորդ կեսին Բաքվում նախատեսվում է անցկացնել ադրբեջանա-իտալական բիզնես համաժողով։ Նրա խոսքով՝ համաժողովի նպատակն է երկրների քաղաքական համագործակցությունը ընկերությունների և աշխատողների համար վերածել կոնկրետ հնարավորությունների։ Մելոնին նաև ընդգծել էր, որ էներգետիկան համագործակցության «միակ ոլորտը չէ»։
Երկու երկրները որպես հետագա համագործակցության ուղղություն առանձնացրել են նաև կապակցվածությունը։ Իտալիան իրեն ներկայացնում է որպես Ադրբեջանի համար եվրոպական և միջերկրածովյան շուկաներ տանող հնարավոր դարպաս, իսկ Բաքուն ձգտում է ամրապնդել Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային ու էներգետիկ հանգույցի իր դերը։












