Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության շենքի դիմաց՝ պահանջելով առանց պայմանի չարտահանձնել Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողին։
Ակցիայի մասնակիցները Հայաստանի իշխանություններին կոչ են անում՝ կատարվածը բանակցայի գործոն օգտագործել՝ Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու համար։
Հոկտեմբերի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987-ին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։
2023-ի ապրիլին Նախիջևանի կողմից ապօրինի սահմանը հատել ու Սյունիքի մարզ էին ներթափանցել երկու ադրբեջանցի զինծառայողներ։ Նրանցից մեկը Կապանի մոտակայքում սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին և դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Մյուս զինծառայողը դատապարտվել էր 11,5 տարվա ազատազրկման՝ ապօրինի սահմանահատման ու ռազմամթերք տեղափոխելու համար։ 2023-ի դեկտեմբերին Հայաստանը երկու ադրբեջանցիներին էլ փոխանցեց Ադրբեջանին՝ 32 հայ գերիների վերադարձի դիմաց։










