Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին․ հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկի փոխանցմամբ՝ ռուսական կողմն աջակցում է այդ երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ է օգնել Հայաստանին՝ տրանսպորտային կապն ապահովելու նպատակով։ Նա նշել է, որ համապատասխան որոշումները Ռուսաստանի նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին, և այժմ մոսկովյան կողմը սպասում է հայկական կողմի արձագանքին՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը։
2025-ի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ռուսական կողմին՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման ընկած երկաթուղային հատվածների հնարավորինս շուտափույթ վերականգնման խնդրանքով։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ վերականգնման հետ կապված դժվարությունների դեպքում Հայաստանը պատրաստ է ռուսական կոնցեսիայից հետ վերցնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթգծի հատվածները։
2026-ի հուլիսին վարչապետը չէր բացառել նաև միջազգային արբիտրաժ դիմելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, և երկիրը պետք է հնարավորություն ունենա այն օգտագործել ըստ նպատակահարմարության։
Անդրադառնալով այդ հայտարարություններին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է լիարժեքորեն կատարել կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում իրավունք ունի ակնկալելու իրականացված ներդրումների վերադարձ։ Ըստ Բելոզյորովի՝ 2008-ից 2025-ին ընկերության միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից կատարված ներդրումները կազմել են շուրջ 396 մլն դոլար, որոնցից շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։












