Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 20 առողջության կենտրոններից 4-ում ընդհանուր առմամբ 10 հաստիք է կրճատվել։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանի տվյալներով՝ հաստիքների փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով առողջության կենտրոնների աշխատանքների ծավալն ու ծանրաբեռնվածությունը։
Կրճատումներ են իրականացվել մանկաբարձ-գինեկոլոգի, մանկաբարձուհու, բուժքրոջ, համակարգչային օպերատորի, տնօրենի տեղակալի, գլխավոր բուժքրոջ, տեղամասային թերապևտի, լաբորանտի, լաբորատոր-գործիքային և այլ մասնագետների բաժնի վարիչի, ինչպես նաև ծառայության ախտորոշման կաբինետի և պրոցեդուրային կաբինետի բուժքույրերի հաստիքներում։
Քաղաքապետարանը նշում է, որ հաստիքների փոփոխությունները կատարվել են՝ հիմք ընդունելով տվյալ բուժկենտրոնների ֆինանսական վիճակը։
Միաժամանակ հայտնել են, որ այս տարի նոր հաստիքների կրճատում չի նախատեսվում։ Սակայն հնարավոր է հաստիքների փոփոխություն 2027 թվականի հունվարի 1-ից՝ ԱՀԱ-ի շահառուների թվաքանակի փոփոխությամբ պայմանավորված և տվյալ փաթեթով նախատեսվող ծառայությունների ծավալից ելնելով։
Ավելի վաղ Առողջության ապահովագրության հիմնադրամից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ տարվա առաջին վեց ամիսների տվյալների ուսումնասիրությամբ՝ մասնագիտությունների միջև ծառայությունների պահանջարկը բաշխված է անհամաչափ։
Ըստ հիմնադրամի՝ 13 մասնագիտություններ, որոնք կազմում են մասնագիտությունների ընդհանուր թվի 20.3%-ը, ապահովում են մատուցված ծառայությունների շուրջ 80%-ը։ Մինչդեռ 38 մասնագիտությունների, որոնք կազմում են ընդհանուրի 60.9%-ը, բաժին է ընկնում մատուցված ծառայությունների ընդամենը 5%-ը։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվել է 2026-ի հունվարի 1-ից և իրականացվում է փուլային եղանակով։ Երկրորդ փուլը պետք է մեկնարկի 2027-ի հունվարի 1-ից։ Դրան կմիանան 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները և տաքսու վարորդները։










