Վրաստանը TRIPP-ի երթուղին մրցակից չի դիտարկում, քանի որ Միջին միջանցքում բեռնափոխադրումներն էապես աճել են, և առաջացել է դիվերսիֆիկացիայի օբյեկտիվ անհրաժեշտություն․ «Բաց եթեր» հաղորդման ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ 2020-ից ի վեր Միջին միջանցքում բեռնափոխադրումն ավելացել է յոթ անգամ, ինչը պահանջում է նոր ենթակառուցվածքներ, և կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է TRIPP-ի երթուղուն, որն այլընտրանքային երթուղի է, մենք այն որպես մրցակից չենք դիտարկում։ Այդ թվում՝ մեկ պարզ պատճառով․ Միջին միջանցքում բեռնփոխադրումն այնքան է ավելացել, որ դիվերսիֆիկացիայի օբյեկտիվ անհրաժեշտություն կա։ Մենք չենք կարծում, որ TRIPP-ի երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է որևէ էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Այդ թվում՝ սա վերաբերում է Անակլիային։ Անակլիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և այդ հետաքրքրությունն ինքնին վկայում է այն մասին, որ Անակլիայի երթուղին և Վրաստանի երթուղին մրցակից չունեն»,- նշել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի փոխանցմամբ՝ ենթակառուցվածքային աշխատանքները ներառում են Անակլիայի նավահանգստի զարգացումը, Փոթիի նավահանգստի հնարավոր ընդլայնումը, ավիացիոն ենթակառուցվածքները, արագընթաց ավտոմայրուղիները և երկաթգծի արդիականացումը։ Ըստ նախանշված ծրագրի՝ մինչև 2031-ը Վրաստանում բոլոր արագընթաց մայրուղիները պետք է կառուցված լինեն, ընդ որում՝ հնարավոր է դրանք ավարտել 2030-ին, իսկ 2031-ին թողնել միայն մեկ հատված։ Երկաթգծի արդիականացումը կբարձրացնի ինչպես գնացքների շարժման տեմպը, այնպես էլ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ Վրաստանն ունի ամբիցիոզ ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի տարածքով բեռնափոխադրման հետագա աճին։ «Կրկին ասեմ, որ TRIPP-ը մեր երթուղու համար մրցակից չէ։ Իրականում այն լինելու է լրացնող՝ հաշվի առնելով այն միտումները, որոնք այսօր ֆիքսվում են Միջին միջանցքում։ Մեզ համար գլխավորն է մինչև վերջ հետևել այն ծրագրին, որն այսօր նախանշված ունենք կապակցվածության տեսանկյունից»,- ասել է Կոբախիձեն։












