Կոտայքի մարզում ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից կրակ են բացել, Պարեկային ծառայության երկու աշխատակից է վիրավորվել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Իրավապահները հայտնաբերել են ենթադրյալ հանցագործությունը կատարած երկու անձանց, որոնք, նախնական տվյալներով, եղել են ոչ սթափ վիճակում։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում: Կոտայքի մարզում պարեկները նկատել են իրավախախտ վարորդի, որը չի ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ինչից հետո մեքենայից հրազենային կրակոցներ են արձակվել ծառայողների ուղղությամբ։ Վնասվածքներ ստացած երկու պարեկները տեղափոխվել են բժշկական կենտրոն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են «Հյունդայի» մեքենան, ինչպես նաև դրանում գտնվող վարորդն ու ուղևորը։ Հայտնաբերված անձինք Կոտայքի մարզի բնակիչներ են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահ մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։











