Հայաստանը պատրաստ է անցնել ռուսական գազի շուկայական գնագոյացմանը, քանի որ էժան էներգակիրների դիմաց տրվող միջպետական սուբսիդիաները վերջիվերջո հանգեցնում են երկրի կողմից քաղաքական և տնտեսական գնի վճարման: Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ռուսական գազի հնարավոր թանկացման պարագայում Հայաստանը պետք է առաջնորդվի «հասուն պետությանը բնորոշ տնտեսական վարքագծով»։
Դեռևս այս տարվա հունիսին Հայաստանի հետ խորացող քաղաքական հակասությունների ֆոնին ՌԴ ԱԳՆ-ն նամակ է փոխանցել պաշտոնական Երևանին։ Դրանում նշվում էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակելու դեպքում Մոսկվան միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի 2013 թ. կնքված գազի, նավթի և բնական ալմաստների մատակարարման համաձայնագիրը։
Հայաստանին այս պահին 1000մ³ դիմաց 177 դոլարով մատակարարվող և ներքին սպառման ավելի քան 86% կազմող ռուսական գազի արտոնյալ գնի մասին ակնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա տեղի ունեցավ Մոսկվայում ապրիլի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որից հետո Ռուսաստանը արգելափակեց հայկական գյուղմթերքի ներմուծում իր շուկա: Հայաստանը, վիճարկելով այս արգելքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով, պնդում է, որ դրանք հակասում են ԵԱՏՄ կանոններին և կարող են ազդել Հայաստանի ՀՆԱ-ի մինչև 1,5%-ի վրա։
«Կվճարենք ցանկացած գին, որը շուկայական է»
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է գազի շուկայական սակագնի, եթե Ռուսաստանը որոշի անցնել դրան, ֆինանսների նախարարը նշեց. «Կարծում եմ, մենք կվճարենք ցանկացած գին, որը շուկայական ձևով կձևավորվի»։
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, այս պահին հստակ պատասխանել հարցին դժվար է, քանի որ հստակություն չկա: «Հարցը պետք է լինի որքան թանկացման և երբ թանկացման մեջ»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը:
Այնուամենայնիվ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացման մակրոտնտեսական հետևանքներին՝ ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ կառավարությունը մշակել է համապատասխան սցենարներ և հաշվարկել հնարավոր ֆիսկալ ազդեցությունները։ Այդ ռիսկերն, ըստ նրա, արտացոլված են նաև 2027-ի պետական բյուջեի նախագծում, որտեղ ներառված են սցենարային վերլուծություններ։
«Մենք գնահատել ենք այս կամ այն չափով գազի գնի ավելացման ազդեցությունները։ Տարբեր ռիսկերի նյութականացման դեպքում ՀՆԱ-ի կանխատեսումը կարող է փոխվել։ Օրինակ՝ տնտեսական աճը կարող է լինել ոչ թե 5,8%, այլ 4,5% կամ ավելի ցածր՝ տարբեր շոկերի իրականացման դեպքում»,- պարզաբանել է նախարարը։
Թեև, ըստ Հովհաննիսյանի, փաստաթղթում բոլոր դետալները բացված չեն, սակայն հնարավոր շոկերը գնահատված են, ինչով էլ նախարարը պայմանավորում է համապատասխան ֆինանսական պահուստների ձևավորումը։ «Երբ մենք խոսում ենք բյուջեում ռեզերվների այս կամ այն մակարդակն ունենալու մասին, այդ պահուստների մակարդակն էլ պայմանավորված է հենց այդ ռիսկերի գնահատմամբ»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։
Ինչպես է բաշխվելու ֆինանսական բեռը
Գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում, որն այս պահին պաշտոնական Երևանը քիչ հավանական է համարում, ըստ նախարար Հովհաննիսյանի օրակարգային կդառնա ֆինանսական բեռի բաշխման հարցը, և որոշում կկայացվի, թե ծախսի որ մասն իր վրա կվերցնի պետական բյուջեն, և որ մասը կվճարեն քաղաքացիներն ու բիզնեսը։
Նախարարի խոսքով՝ էներգակիրների գնի շուկայականացումից պետք չէ խուսափել։ «Ես կասեի՝ դա ամենավատ բանը չէ, որ կարող է մեզ հետ տեղի ունենալ, որովհետև դա անխուսափելի բան է։ Մենք պետք է մեզ վաճառվող ապրանքի դիմաց վճարենք շուկայական գին… Եթե մենք ինչ-որ առումով պատրաստ չենք կամ պատրաստ չենք եղել վճարել այդ շուկայական գինը, ապա պետք է մեր արտադրողականությունը, մեր եկամուտների մակարդակն այնքան բարձրացնենք, որ կարողանանք վճարել շուկայական գին՝ ինչպես հասուն պետություններն են դա վճարում, այլ ոչ թե սուբսիդիաներ ստանալ»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով սուբսիդավորվող գազի իրական արժեքին՝ ֆինանսների նախարարը շեշտել է, որ նմանատիպ արտոնությունները միշտ ենթադրում են թաքնված ծախսեր ու զիջումներ: «Ինչպես գիտենք՝ ցանկացած սուբսիդիայի դիմաց, նամանավանդ եթե պետություններն են իրար տալիս, հետո վճարում են այլ ձևերով… քաղաքական էլ, տնտեսական էլ»,- ընդգծել է նա:
Որպես սուբսիդիաների դիմաց վճարված տնտեսական և քաղաքական գնի պատմական օրինակ՝ նախարարը մատնանշել է Հայաստանի գազաբաշխիչ համակարգի օտարման փաստը: «Ասենք՝ այսօրվա ՀայՌուսգազարդը (Գազպրոմի ներկայիս 100%-անոց դուստր ձեռնարկություն «Գազպորմ Արմենիան» - խմբ.) ինչի՞ պետական չէ. դա այն գինն է, որը վճարել ենք էժան գազ սպառելու դիմաց»,- եզրափակել է նախարարը:












