Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի չորրորդ՝ բարդացած փուլում հայտնաբերման դեպքերը 2018-ի 40 տոկոսի համեմատ 2025-2026 թվականներին նվազել են մինչև 13 տոկոս՝ պետական ֆինանսավորման և սկրինինգային ծրագրերի ընդլայնման շնորհիվ։ Այս մասին կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել են Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոգչյանը և Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը:
Ըստ մասնագետների՝ Հայաստանում տարեկան արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1600 նոր դեպք։ Հիվանդացության բացարձակ թվերի աճը բժիշկները պայմանավորում են ոչ միայն տարիքային ռիսկի գործոններով, այլև ախտորոշման որակի բարելավմամբ և հասարակության իրազեկվածության բարձրացմամբ։
Արթուր Ավետիսյանը նշել է, որ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետությունը սկսվում է հիվանդության ասիմպտոմատիկ՝ առանց գանգատների փուլում հայտնաբերումից, երբ կինն իրեն լիովին առողջ է զգում, սակայն սկրինինգային հետազոտությունների հրավերներին արձագանքում է կանանց միայն շուրջ 30 տոկոսը։ Նրա խոսքով՝ շատերը շարունակում են ապրել չբացահայտված հիվանդությամբ՝ կորցնելով վաղաժամ բուժման և լիարժեք ապաքինման հնարավորությունը։
Պետական նոր ծրագրերի արդյունքում արմատապես փոխվել է բուժման ֆինանսական հասանելիությունը։ Հայկուհի Գյոգչյանի տեղեկացմամբ՝ վիրահատությունները և ճառագայթային թերապիայի 24 սեանսն այժմ ամբողջությամբ անվճար են։ 2020-ից պետությունն իրականացնում է նաև թանկարժեք թիրախային դեղորայքի (Տրաստուզումաբ) տրամադրման ծրագիր, որից արդեն օգտվել է շուրջ 1500 կին՝ խուսափելով հիվանդության բարդացումից։ Բացի այդ, 2026-ի համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում մետաստատիկ փուլում գտնվող պացիենտներին տարեկան տրամադրվում է մինչև 1,2 մլն դրամի դեղորայքային ապահովում։
Համընդհանուր ապահովագրության ներդրումը հասանելի է դարձրել նաև բարձր տեխնոլոգիական ծառայությունները։ Մինչև վերջերս ամբողջությամբ վճարովի և կես միլիոն դրամ արժողությամբ պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (PET scan), ինչպես նաև ռադիովիրաբուժությունն այժմ ֆինանսավորվում են համավճարի սկզբունքով, որտեղ ծախսերի 50 տոկոսը հոգում է պետությունը։
Ապահովագրական փաթեթը ներառում է նաև կրծքագեղձի, արգանդի վզիկի և կոլոռեկտալ քաղցկեղի անվճար սկրինինգներ։ 45-ից 68 տարեկան կանայք կարող են առանց ընտանեկան բժշկի ուղեգրի ինքնուրույն գրանցվել Արմեդ համակարգով և անցնել մամոգրաֆիա իրենց նախընտրած կլինիկայում։ Նախարարությունը նաև 10 նոր մամոգրաֆիկ սարք է տեղադրել մարզերում՝ ծրագրի աշխարհագրական հասանելիությունն ապահովելու նպատակով։










