«Երկարատև խաղաղության հաստատումը, քաղաքական համաձայնություններից բացի, պահանջում է վստահության ամրապնդում և հակամարտության մարդասիրական հետևանքների լուծում», այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի երկխոսության շրջանակներում անցկացված IV միջազգային համաժողովի մասնակիցներին իր տեսաուղերձում։
Ադրբեջանի նախագահը հումանիտար հարցերի լուծումը Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի անբաժան մաս է դիտարկել՝ նշելով «անհետ կորածների ընտանիքների առջև բարոյական պատասխանատվության մասին»։
«Անհետ կորած անձանց որոնման արդյունավետությունը ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից։ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ստեղծի պայմաններ արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքման համար», հայտարարել է Ալիևը։ Վերջինիս համոզմամբ՝ «մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է ենթարկվի քաղաքական պայմանավորվածությունների»։
Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ խոսքը 4010 ադրբեջանցի անհետ կորածներին է վերաբերում, որոնց թիվը հաշվվում է Ղարաբաղյան առաջին պատերազմից ի վեր։











