Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, հայտնում են Քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 6-ին Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:
Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն մանկավարժական գործունեությունից զրկելու իրավական գործընթաց է նախապատրաստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գերատեսչությունն արդեն դիմել է ՆԳՆ, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ դեպքի բազմակողմանի ուսումնասիրության համար։
Դեպքին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը: Պաշտպանը մտահոգիչ է համարում, որ դպրոցական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներն ու ահազանգերը շարունակական բնույթ են կրում։ Պաշտպանի համոզմամբ՝ դա վկայում է այն մասին, որ երեխաների պաշտպանությունը պետք է դրսևորվի ոչ միայն առանձին դեպքերին արձագանքելու, այլև բռնության հնարավոր դրսևորումներին ժամանակին արձագանքելու, դրանք կանխելու և բացառելու ուղղությամբ հետևողական և գործուն աշխատանքի միջոցով։ ՄԻՊ աշխատակազմը սկսել է սեփական ուսումնասիրությունը։











