Գլխավոր Լրահոս

Մայր Աթոռում դատապարտել են Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը

Մայր Աթոռում դատապարտել են Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը

Հոկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները, հայտնում են Մայր Աթոռից։

Անդրադարձ է կատարվել վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին և Ազգային ժողովում այս կապակցությամբ ձևավորված քննիչ հանձնաժողովին։ Ներկայացվել են նաև տեղեկություններ Եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։ Ընդգծվել է, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվել է, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։

Ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։


«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամը և դրա հետևանքները ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել»։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաև «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած բացառիկ առաքելության չկատարման խնդիրները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում