Անհետ կորածների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը նոր չէ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Սա նոր պահանջ չէ, սա պահանջ չէ։ Սա Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեման է։ Եթե դա պահանջ է, դա նաև մեր պահանջն է»,- ասել է Միրզոյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ստեղծի պայմաններ արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքման համար։
Ալիևի այս հայտարարությունը հայկական մեդիադաշտում ընկալվեց որպես նոր պահանջ Հայաստանի նկատմամբ։
Արձագանքելով այս հայտարարությանը, Միրզոյանը նշել է, որ անհետ կորածների թեման որքան Ադրբեջանին է հետաքրքիր, այնքան էլ Հայաստանին է հետաքրքիր։ Ըստ նախարարի՝ այդ հարցը մշտապես բանակցությունների օրակարգում է։
«Մենք մեր անհետ կորածներն ունենք, մենք մեր այլ հումանիտար հարցերն ունենք։ Մեր օրակարգի մշտական հարցն է անհետ կորածների և պատանդառված անձանց հարցը։ Այդ հարցը քննարկվել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման ժամանակ՝ Բիշքեկում։ Իմ և Բայրամովի վերջին հանդիպման ժամանակ ևս այդ հարցը քննարկվել է Նյու Յորքում»,- ասել է Միրզոյանը։












