Գլխավոր Լրահոս

Կադիրովը սկսել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնում իր հինգերորդ ժամկետը՝ խոստանալով պաշտպանել բնակիչների իրավունքները

Ռամզան Կադիրովը

Ռամզան Կադիրովը

Լուսանկարը՝ Grozny-inform.ru-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռամզան Կադիրովը հոկտեմբերի 5-ին սկսել է Չեչնիայի ղեկավարի պաշտոնում իր հինգերորդ ժամկետը։ Գրոզնիում երդմնակալության արարողությունը համընկել է նրա 50-ամյակի հետ։ Հինգերորդ անգամ պաշտոնը ստանձնելիս Կադիրովը խոստացել է «պաշտպանել Ղուրանը, Ռուսաստանի և Չեչնիայի Հանրապետության սահմանադրությունները, բնակիչների կյանքի իրավունքն ու երեխաների երջանիկ ապագայի իրավունքը»։

«Սա իմ պարտքն է։ Սա իմ խոսքն է։ Ռամզան Կադիրովի խոսքը»,- ասել է նա։

Չեչենների իրավունքները պաշտպանելու Կադիրովի խոստումը հնչել է այն պայմաններում, երբ ռուսական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ հաղորդում են հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին։

Օրինակ՝ Human Rights Watch-ը (HRW) 2026-ին հրապարակած իր վերջին զեկույցում նշել է, որ 2025-ին Չեչնիայի իշխանությունները շարունակել են հետապնդել Կադիրովի ընդդիմախոսների հարազատներին։ 2026-ին «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը գրել է խուզարկությունների, առևանգումների և Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագրեր ստորագրել պարտադրելու նոր ալիքի մասին։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են նաև Կադիրովի կառավարման տարիներին Չեչնիայում խոշտանգումների և սպանությունների գործելակերպը։

Սեպտեմբերի ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջադրած Կադիրովը պաշտոնական տվյալներով ստացել է ձայների 99,85 տոկոսը, իսկ մասնակցությունը կազմել է 95,19 տոկոս։ Նրա օգտին քվեարկել է 830 690 մարդ։ Մյուս երկու թեկնածուները՝ «Արդար Ռուսաստան - Հանուն ճշմարտության» կուսակցության Իսմայիլ Դենիլխանովը և Կոմունիստական կուսակցության Խալիդ Նակաևը, ստացել են յուրաքանչյուրն ընդամենը 0,05 տոկոս։ Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007-ից։

Ընտրությունների դիտորդներն ու ռուսական անկախ լրատվամիջոցները լայնորեն քննադատել են սեպտեմբերի ընտրությունները՝ նշելով, որ դրանք անցկացվել են խիստ վերահսկողության պայմաններում, իսկ օրինական ընդդիմության մասնակցությունը խիստ սահմանափակված էր։

Կադիրովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն առաջինը շնորհավորողներից էր։

«Իհարկե, նա շնորհավորեց ինձ։ Մաղթեց հաջողություն և երջանկություն։ Խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել ողջ չեչեն ժողովրդին»,- ասել է Կադիրովը։

Սա Կադիրովի հինգերորդ երդմնակալությունն էր։ 2016-ի և 2021-ի նախորդ արարողությունները նույնպես անցկացվել էին հոկտեմբերի 5-ին՝ Չեչնիայի ղեկավարի ծննդյան օրը։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը երդմնակալության օրը շնորհավորել է Կադիրովին ծննդյան օրվա կապակցությամբ և նրան պարգևատրել «Փառքի և պատվի» առաջին աստիճանի շքանշանով։ Շքանշանը սահմանվել է 2004-ին և շնորհվում է պետական, կրոնական ու հասարակական գործիչներին՝ այդ թվում միջկրոնական համագործակցության, ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Իր շնորհավորական ուղերձում Կիրիլը Կադիրովին անվանել է «ուժեղ կամքով, վճռական և պատասխանատու առաջնորդ, որն անխոնջ հոգ է տանում իրեն վստահված տարածաշրջանի և դրա բնակիչների մասին»։ Նա նաև առանձին ընդգծել է Չեչնիայի իշխանությունների և Ռուս ուղղափառ եկեղեցու Գրոզնիի թեմի միջև ձևավորված «լավ հարաբերությունները»։

Այս պարգևը Կադիրովը ստացել է մեկ այլ կոչումից ընդամենը երկու օր անց․ նրան շնորհվել էր բանակի գեներալի կոչում։ Շաբաթ օրը Ռուսաստանի ազգային գվարդիայի՝ Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը Կադիրովին, որը երբեք չի ծառայել Ռուսաստանի զինված ուժերում, հանձնել է ոսկեգույն ուսադիրներ և մուգ կարմիր բերետ։

Երդմնակալությանը մասնակցելու համար Գրոզնի են մեկնել նաև հարևան հանրապետությունների ղեկավարները։ Դաղստանի ղեկավարի պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը Կադիրովին մաղթել է «քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ հետագա աշխատանքում»՝ նրա ընտրական հաղթանակը անվանելով «ժողովրդական աջակցության համոզիչ ապացույց»։

Կաբարդինո-Բալկարիայի ղեկավար Կազբեկ Կոկովն էլ Կադիրովին անվանել է իր «սիրելի եղբայր և գործընկեր»՝ նշելով, որ նա «վստահորեն առաջնորդում է իր ժողովրդին զարգացման և արարման ճանապարհով» և մաղթելով նրան «քաջառողջություն և երկար տարիների արդյունավետ աշխատանք»։

Կադիրովը շնորհավորական հեռագրեր է ստացել նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինից, Դաշնային խորհրդի՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, Պետդումայի՝ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից և ռուսաստանցի այլ պաշտոնյաներից։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում