Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Վրաստանի քաղաքացու՝ միջուկային նյութի, մասնավորապես՝ ուրան-238-ի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Սա Վրաստանում ուրանի ապօրինի շրջանառության հետ կապված նման միջադեպերից վերջինն է․ դրանց մեծ մասում ներգրավված են եղել օտարերկրացիներ։
Անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ կասկածյալին ձերբակալել են Հակահետախուզության դեպարտամենտի և Հատուկ գործողությունների դեպարտամենտի համատեղ գործողության արդյունքում։
Քննությամբ պարզվել է, որ կասկածյալը պատրաստվում էր իր մոտ եղած ուրան-238-ը 700 հազար դոլարով վաճառել օտարերկրյա քաղաքացու։
Գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Անվտանգության ծառայությունը պարբերաբար հաղորդում է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց ձերբակալությունների մասին։
2026-ի փետրվարին Ծառայությունը Քութայիսիում ձերբակալել էր երկու օտարերկրացու, որոնք փորձում էին 3 միլիոն դոլարով ուրան և ցեզիում-137 գնել։ Ծառայությունը պնդել էր, որ նրանք մտադիր էին նյութերը տեղափոխել մեկ այլ երկիր։
2025-ի հոկտեմբերին ձերբակալել էր Չինաստանի երեք քաղաքացու՝ երկու կիլոգրամ ուրան գնելու փորձի համար։ Ծառայությունը նրանց մեղադրում էր նյութը Ռուսաստանի տարածքով Չինաստան տեղափոխելու մտադրության մեջ։
Նույն տարվա հուլիսին Պետական անվտանգության ծառայությունը Բաթումիում ձերբակալել էր երկու անձի, որոնց մեղադրում էր չհստակեցված քանակությամբ ուրան 3 միլիոն դոլարով վաճառելու փորձի մեջ։ Ծառայության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը Վրաստանի քաղաքացի էր, մյուսը՝ օտարերկրացի։












