Գլխավոր Լրահոս

Ըստ ուսումնասիրության՝ Վրաստանում ցուցարարների նկատմամբ կիրառված նյութերը երկարաժամկետ առողջական հետևանքներ են առաջացրել

Ջրցան մեքենաները հարվածում են ցուցարարներին, 2024-ի նոյեմբերի 28-29

Ջրցան մեքենաները հարվածում են ցուցարարներին, 2024-ի նոյեմբերի 28-29

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

2024-ին Թբիլիսիի բողոքի ակցիաներին մասնակցած 524 մարդու շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելի քան մեկ երրորդը հաղորդել է առողջական ախտանիշների մասին, որոնք քիմիական գրգռիչների և ջրցան մեքենաների ազդեցությունից հետո պահպանվել են ավելի քան մեկ տարի։

Բողոքի ակցիաները սկսվել էին 2024-ի նոյեմբերի 28-ին, երբ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2028-ը կկասեցնի երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Ցույցերը շարունակվել էին Թբիլիսիում և այլ քաղաքներում, իսկ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել էր արցունքաբեր գազ, պղպեղային սփրեյ, ջրցան մեքենաներ և ամբոխի վերահսկման այլ միջոցներ։ Վրաստանի իշխանություններին մեղադրել էին նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի «կամիտ» կոչվող քիմիական նյութը ջրցան մեքենաների ջրին խառնելու մեջ։

Ուսումնասիրությունը հոկտեմբերի 6-ին ներկայացվել է Վարշավայում՝ ԵԱՀԿ Մարդկային հարթության համաժողովում, և վերաբերում է 2024-ի նոյեմբեր-դեկտեմբերյան բողոքի ակցիաների ժամանակ Վրաստանում քիմիական գրգռիչների հնարավոր օգտագործմանը։

«Վրաստանում ցուցարարների դեմ կիրառված քիմիական գրգռիչների ազդեցությունը» վերնագրով ուսումնասիրության շրջանակում հարցվել են չափահաս անձինք, որոնք մասնակցել են 2024-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 7-ը տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հայտնել արցունքաբեր գազի, պղպեղային սփրեյի կամ ջրցան մեքենաների ազդեցության մասին։

Հետազոտողները պարզել են, որ հարցվածների 85,5 տոկոսը ազդեցությունից հետո առնվազն մեկ առողջական ախտանիշ է ունեցել։ 178 հարցված՝ 34 տոկոսը, հայտնել է առնվազն մեկ ախտանիշի մասին, որը պահպանվել է ավելի քան 12 ամիս կամ հարցաթերթիկը լրացնելու պահին դեռ շարունակվում էր։

Որոշակի ախտանիշներ նշած հարցվածների շրջանում 25,6 տոկոսը հայտնել է, որ տեսողության խանգարումը կամ տեսողության մշուշոտությունը պահպանվել է ավելի քան մեկ տարի։ Հիշողության խնդիրների մասին հաղորդածների 52,5 տոկոսը, տրամադրության փոփոխությունների մասին նշածների 43,7 տոկոսը, դյուրագրգռության մասին հայտնածների 39,7 տոկոսը և անքնության մասին նշածների 35 տոկոսը նույնպես հայտնել են, որ այդ խնդիրները շարունակվել են ավելի քան մեկ տարի։

Հարցվածները նշել են նաև երկարաժամկետ ֆիզիկական ախտանիշներ։ Յուրաքանչյուր ախտանիշի մասին հաղորդածների շրջանում 20,3 տոկոսը նշել է, որ գլխապտույտը կամ թուլության զգացումը պահպանվել է ավելի քան 12 ամիս, 33 տոկոսը՝ ականջներում շարունակվող աղմուկ, 23 տոկոսը՝ գլխացավեր, իսկ 32,1 տոկոսը՝ սրտխփոց կամ բարձր ճնշում։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ արցունքաբեր գազի ազդեցության մասին հաղորդված 733 դեպքերի 47,9 տոկոսը գնահատվել է որպես ծանր։ Այսինքն՝ հարցվածները նշել են, որ չէին կարողանում տեսնել կամ շնչել և ստիպված էին անմիջապես հեռանալ։ Ջրցան մեքենաների ազդեցության մասին հաղորդված 423 դեպքերի 43,5 տոկոսն է դասակարգվել որպես ծանր։

Հետազոտողները պարզել են նաև, որ ամբոխի վերահսկման ավելի մեծ թվով միջոցների ազդեցության ենթարկվելը կապված է եղել ավելի մեծ թվով ախտանիշների հետ։ Նրանք նաև արձանագրել են, որ ազդեցության յուրաքանչյուր լրացուցիչ գիշեր, ջրցան մեքենայի ուղիղ հարվածը, այնպիսի իրավիճակում ազդեցության ենթարկվելը, որտեղ դժվար էր հեռանալ, ինչպես նաև ժամանակավոր սուր ֆիզիկական անաշխատունակությունը առանձին-առանձին կապված են եղել առնվազն մեկ ամիս պահպանված ախտանիշների հետ։

Ուսումնասիրությունը հիմնված է ինքնուրույն ներգրավված մասնակիցների ընտրանքի վրա, որոնք հավաքագրվել են հարմարության և «ձնագնդու» սկզբունքով։ Մասնակիցները բողոքի ակցիաներից ավելի քան մեկ տարի անց ինքնուրույն լրացրել են հարցաթերթիկ։

Հետազոտողները զգուշացնում են, որ արդյունքները չեն կարող համարվել ներկայացուցչական ոչ բոլոր ցուցարարների, ոչ էլ ավելի լայն բնակչության համար։ Ուսումնասիրությունը նաև չի ունեցել համեմատական խումբ, իսկ առողջական խնդիրների մեծ մասը անկախ կլինիկական ստուգում չի անցել։

Ուստի ուսումնասիրությունը չի ապացուցում, որ հենց քիմիական գրգռիչների ազդեցությունն է պատճառել հաղորդված երկարաժամկետ առողջական հետևանքները։ Մասնակիցները նաև հայտնել են ֆիզիկական բռնության, ձերբակալությունների, տեղաշարժի սահմանափակումների և այլ հնարավոր տրավմատիկ իրավիճակների մասին, և հետազոտողների խոսքով՝ դրանց ազդեցությունը հնարավոր չի եղել տարանջատել քիմիական նյութերի ազդեցությունից։

Հետազոտողները նաև ինքնուրույն չեն պարզել, թե բողոքի ակցիաների ժամանակ կոնկրետ ինչ քիմիական նյութեր և ինչ խտությամբ են օգտագործվել։ Հնարավոր նյութերի վերաբերյալ նրանց գնահատականը հիմնված է եղել մասնակիցների՝ հոտերի, գույների և այլ հատկանիշների նկարագրությունների վրա։ Նրանք նշել են, որ կիրառված նյութերը հաստատելու համար անհրաժեշտ է անկախ քիմիական վերլուծություն։

Ուսումնասիրությունը կոչ է անում անցկացնել անկախ կլինիկական, դատաբժշկական և թունաբանական հետազոտություններ, ինչպես նաև շարունակել ուսումնասիրել քիմիական գրգռիչների և ջրցան համակարգերի կրկնվող ու համակցված ազդեցության հետևանքները։

Հետազոտողները նաև խորհուրդ են տալիս քիմիական մնացորդների առկայության համար ուսումնասիրել ցուցարարների մոտ պահպանված հագուստն ու այլ իրերը։ Հարցվածների կեսից ավելին նշել է, որ պահպանել է բողոքի ակցիաների ժամանակ ազդեցության ենթարկված հագուստ կամ այլ իրեր, իսկ 125-ը հայտնել է, որ դրանք չեն լվացվել։

Ուսումնասիրության հեղինակներն են բժիշկ Գեորգե Կամկամիձեն, իրավաբան Բայա Փատարաիան, հոգեբան Լելա Ցիսկարիշվիլին և օտարերկրյա փորձագետներ Ջեյմս Լինը և Յոզինա Բոթեն։

Հոկտեմբերի 7-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մերժել է ուսումնասիրության եզրակացությունները՝ այն անվանելով «անհեթեթությունն ու սուտը» լուրջ խնդրի տեղ ներկայացնելու փորձ։ Նա նաև հարցականի տակ է դրել հետազոտությանը մասնակցած կազմակերպությունների ֆինանսավորումը և պնդել, որ ուսումնասիրությունը արտերկրից ֆինանսավորված և պատվիրված «հակավրացական արշավի» մաս է։

«Ինչ վերաբերում է այս այսպես կոչված ուսումնասիրություններին, արդեն ծիծաղելի է։ Երեկ ցույց տվեցին մի մարդու, որին որպես փորձագետ էին ներկայացնում [...] և որի հիմնական մեկնաբանությունն այն էր, որ նախկին ցուցարարները լուրջ հետևանքներ են ունեցել, թեև որևէ պատճառահետևանքային կապ հաստատելու հնարավորություն չկար»,- ասել է Պապուաշվիլին։

Նա նաև լրատվամիջոցներին կոչ է արել պարզել, թե ով է ֆինանսավորել ուսումնասիրությունը՝ առանձնացնելով Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և «Սափարի»-ի ղեկավար Բայա Փատարաիային։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում