Գլխավոր Լրահոս

Ադրբեջանն առաջարկում է կոռուպցիայի մասին հայտնողներին վճարել վերադարձված ակտիվների 5 տոկոսը

Ադրբեջանն առաջարկում է կոռուպցիայի մասին հայտնողներին վճարել վերադարձված ակտիվների 5 տոկոսը

Լուսանկարը՝ report.az-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ, որով կոռուպցիայի մասին հայտնող անձինք կարող են ստանալ պետությանը վերադարձված ակտիվների կամ միջոցների 5 տոկոսը, ինչպես նաև մինչև 10 հազար մանաթ՝ մոտ 6 հազար դոլար պարգևավճար։ Ադրբեջանի ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության նախագահ Նաթիգ Ջաֆարլին քննադատել է առաջարկվող օրենսդրությունը՝ այն անվանելով անհետևողական և պնդելով, որ Ադրբեջանին առաջին հերթին գործող դատական համակարգ է անհրաժեշտ։

Օրինագիծը նաև նախատեսում է պաշտպանել կոռուպցիայի մասին հայտնողների ինքնությունը։ Եթե նման անձը մահանա, նրա ընտանիքին առաջարկվում է մեկանգամյա 20 հազար մանաթ՝ մոտ 12 հազար դոլար, իսկ կոռուպցիայի մասին հայտնելու հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձանց՝ 10 հազար մանաթ՝ մոտ 6 հազար դոլար։

Պարգևավճարի առավելագույն չափը 10 հազար մանաթ է՝ մոտ 6 հազար դոլար։ Դա Ադրբեջանի նվազագույն ամսական աշխատավարձի՝ 400 մանաթի 25-ապատիկն է։

Առաջարկը ներառված է կոռուպցիայի հետ կապված իրավախախտումների մասին հայտնող անձանց խրախուսման և պաշտպանության մասին օրենքի նախագծում։ Իշխանամետ APA լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այն հոկտեմբերի 7-ին քննարկել են խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովները։

Օրինագծի համաձայն՝ եթե անձի հաղորդած տեղեկությունը հաստատվի, նա տվյալ կազմակերպության բյուջեից ֆինանսական պարգև կստանա՝ կազմակերպության ղեկավարի որոշմամբ։ Վճարումը պետք է կատարվի 10 աշխատանքային օրվա ընթացքում այն պահից, երբ անձին տեղեկացնեն, որ իր հաղորդած տեղեկությունը հաստատվել է։

Պարգևավճարի չափը որոշվելու է՝ հաշվի առնելով կոռուպցիոն իրավախախտման բնույթը, ներկայացված փաստերի քանակը, իրավախախտումը բացահայտելու գործում տեղեկության կարևորությունը, պատճառված վնասի չափը և վերադարձված ակտիվների արժեքը։

Եթե կոռուպցիայի մասին հաղորդումը հանգեցնի քրեական գործով մեղադրական դատավճռի կամ գործով այլ վերջնական որոշման, տեղեկություն հայտնած անձը նաև կարող է ստանալ պետությանը վերադարձված որոշ միջոցների 5 տոկոսը։ Դրանք կարող են ներառել հատուկ բռնագրավված գույքի վաճառքից, վարձակալությունից կամ կառավարումից ստացված եկամուտները, հատուկ բռնագրավված միջոցները, ինչպես նաև պետական բյուջե վճարված կամ նյութական վնասի փոխհատուցման համար վերադարձված գումարները։

Մինչդատական վարույթի փուլում նման վճարման մասին որոշումը կայացնելու է քննիչը՝ քննությունը վերահսկող դատախազի համաձայնությամբ։ Դատական քննության ընթացքում որոշումը կայացնելու է գործը քննող դատարանը։

Կոռուպցիայի մասին հաղորդելու հետևանքով պատճառված գույքային վնասը նույնպես փոխհատուցվելու է Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան։

Օրենքի նախագիծը նաև նախատեսում է պահպանել տեղեկություն հայտնած անձանց գաղտնիությունը։ Պարգևների ձևակերպման և վճարման գործընթացը պետք է համապատասխանի գաղտնիության պահանջներին, իսկ դրանում ներգրավված պաշտոնյաներին արգելվելու է բացահայտել տվյալ անձի մասին տեղեկությունը։

Ադրբեջանի հարկային օրենսգրքում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ կոռուպցիայի մասին հայտնողներին տրվող ֆինանսական պարգևները կազատվեն եկամտային հարկից։

«Հանրապետական այլընտրանք» կուսակցության նախագահ Նաթիգ Ջաֆարլին Facebook-ում գրել է, որ առաջարկվող օրենսդրությունում «այնքան շատ անհամապատասխանություններ և անտրամաբանական դրույթներ կան», որ դրանք դժվար է անգամ հաշվել։

Ջաֆարլիի խոսքով՝ գործող դատական համակարգ ունեցող երկրում նման օրենքի անհրաժեշտություն չէր լինի։ Նա նաև նշել է, որ կոռուպցիայի սահմանումը չափազանց անորոշ է։

Ջաֆարլին պնդում է, որ առաջարկվող օրենքը կարող է հանգեցնել վրեժխնդրության, աշխատավայրում վեճերի և աշխատակիցների միջև խմբավորումների ձևավորման։

«Մեր հիմնական նպատակը պետք է լինի անկախ դատական համակարգը»,- ասել է Ջաֆարլին՝ հավելելով, որ այդ դեպքում այս խնդիրներից շատերը կլուծվեն։

Transparency International-ի 2025-ի Կոռուպցիայի ընկալման համաթվով Ադրբեջանը 182 երկրների շարքում զբաղեցրել է 130-րդ տեղը՝ հավաքելով 100 հնարավորից 30 միավոր։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում