Արթուր Դանիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում այս պահին չկա։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Դանիելյանը շարունակում է գտնվել Երևանի քննչական վարչության շենքում։
«Մինչ այս պահը Արթուր Դանիելյանը գտնվում է Երևանի քննչական վարչության շենքում, սպասվում են նոր վարութային գործողություններ: Դատարան տեղափոխելու վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան»,- գրել է Աթանեսյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ձերբակալվել է։ Դանիելյանը պարբերաբար քննադատական գրառումներ է անում իշխանությունների հասցեին։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է ձերբակալվել Դանիելյանը։ Վարույթը վերաբերվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար։
Իրավապահները չեն մանրամասնում, թե կոնկրետ որ գրառման կամ դրա որ հատվածի համար է ձերբակալվել Արթուր Դանիելյանը։
Դանիելյանն առավոտյան Ֆեյսբուքում հայտնել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե և պատրաստվում են մեղադրանք առաջադրել։ «Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը»,- գրել էր նա։
Նույն գրառման մեջ Դանիելյանը պնդել էր, որ վերջին երեք օրերին ադրբեջանցիները տարածում են իր հին ելույթների թարգմանությունները և սպառնալիքներ հնչեցնում իր հասցեին՝ քրեական վարույթը կապելով այդ հանգամանքի հետ։
Ձերբակալությունից մոտ 12 ժամ առաջ Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուք»-ում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների հնարավոր փոխանակման վերաբերյալ նրա մեկնաբանությունը։
Արթուր Դանիելյանը նախկինում ևս ձերբակալվել է։ 2020-ին նա ձերբակալվել էր Ազգային ժողովի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծեծկռտուքից հետո։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։












