«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց։ Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ որոշումը կայացվել է Փաշինյանի ուղիղ հրահանգով՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր դեմ են «Ալիևի Սահմանադրությանը»։
«Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ իշխանությունը կրկին ձախողվելու է, ինչպես 2025-ին՝ Եկեղեցու դեմ արշավի ժամանակ։
«Սամվել Կարապետյանը 2025 թվականին, անգամ կալանքի տակ գտնվելով, համախմբում էր ժողովրդին Հայաստանի ազգային ինքնության և անկախության պաշտպանության շուրջ։ Նա շարունակելու է այդ պայքարը նաև այսօր՝ անկախ իր առջև դրվող խոչընդոտներից»։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կարապետյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումը կապված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը շուրջ 64,5 մլրդ դրամի ենթադրյալ վնաս պատճառելու գործի հետ։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Սամվել Կարապետյանի կազմակերպմամբ 2016-2024 թվականներին ՀԷՑ-ում կատարվել են ծառայողական լիազորությունների չարաշահումներ, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և փողերի լվացում։
Ըստ քննության՝ ընկերության գործունեության համար անհրաժեշտից ավելի վարկային միջոցներ են ներգրավվել, որոնք հետագայում անհիմն տրամադրվել են բաժնետերերին որպես շահաբաժին կամ փոխանցվել տարբեր կազմակերպությունների։
ՔԿ-ն հայտնում է, որ այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ։
Նոյեմբերի 4-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվում նաև Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարանում և Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։ ՔԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ խուզարկություններ են կատարվել 65 հասցեներում։ Այնուհետև Սամվել Կարապետյանին ձերբակալեցին։












