Քաղաքացիական հասարակության 11 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դատապարտել են համացանցային գրառումների համար «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և նրա նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը։ Հայտարարության հեղինակները կալանավորումը համարում են առերևույթ անօրինական, անհամաչափ ու քաղաքականապես մոտիվացված՝ պահանջելով անհապաղ վերացնել այն և դադարեցնել արտահայտման ազատության իրացման հիմքով քրեական հետապնդումը։
Իրավապաշտպանները նշում են, որ Քննչական կոմիտեն չի հայտնում, թե հստակ որ գրառումների համար է նա ենթարկվում հետապնդման, ինչը խնդրահարույց է արտահայտման ազատության իրավունքի միջամտության համաչափության հիմնավորման և դրա կանխատեսելիության ապահովման տեսանկյունից։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համացանցային, նույնիսկ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը հակասում է խոսքի ազատության վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի սկզբունքներին։ Կազմակերպությունների գնահատմամբ՝ ժողովրդավարական հասարակությունում սուր կամ վիրավորական խոսքի համար քրեաիրավական պատժիչ գործիքների կիրառումը նպատակ ունի լռեցնել այլակարծությունն ու քննադատական խոսքը, ինչպես նաև խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և նվազեցնում հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Քաղհասարակության ներկայացուցիչները Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից պահանջում են անհապաղ վերացնել Դանիելյանի կալանավորումը, դադարեցնել քրեական հետապնդումը, պահպանել անկախության ու անաչառության չափանիշները և բացառել քրեական գործիքակազմի կիրառումը կառավարող քաղաքական ուժի կամ պետական մարմինների դեմ քննադատությունը լռեցնելու նպատակով։ Դատարաններին և դատավորներին կոչ է արվում արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ու օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությունը։
Հայտարարության տակ ստորագրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Արդարության նոր մշակույթ», «Լրագրողները հանուն մարդու իրավունքների», «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան, «Ցիտադել» իրավապաշտպան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, ինչպես նաև Երևանի մամուլի ակումբը։
Արթուր Դանիելյանը ձերբակալվել և կալանավորվել է հոկտեմբերի 7-ին։ Վարույթը վերաբերում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելուն։
Ձերբակալությունից մոտ 12 ժամ առաջ Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուք»-ում «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների հնարավոր փոխանակման վերաբերյալ նրա մեկնաբանությունը։
Արթուր Դանիելյանը նախկինում ևս ձերբակալվել է։ 2020-ին նա ձերբակալվել էր Ազգային ժողովի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծեծկռտուքից հետո։
Օրեր առաջ ձերբակալվել էր նաև թատերագետ, կինոռեժիսոր Վահրամ Սահակյանը, ըստ Քննչական կոմիտեի՝ ատելություն պարունակող ֆեյսբուքյան գրառում կատարելու մեղադրանքով։ Դատարանը Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանել։












