Գլխավոր Լրահոս

Նախնական ընկալում կա, որ COP 17-ին կհյուրընկալենք Իրանի նախագահին. Վահան Կոստանյան

Նախնական ընկալում կա, որ COP 17-ին կհյուրընկալենք Իրանի նախագահին. Վահան Կոստանյան

Հայաստանն ու Իրանը գտնվում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի համաձայնեցման փուլում, և ապագայում սպասվում են երկկողմ փոխայցելություններ։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ նշելով, որ առկա է նախնական ընկալում՝ առաջիկայում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Երևանում հյուրընկալելու վերաբերյալ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում հանդիպման ընթացքում համոզմունք են հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն կբարձրանան նոր մակարդակի, իսկ առաջիկայում նախատեսվում են բարձր մակարդակի փոխայցելություններ: Մեկնաբանելով այդ հայտարարությունը` Կոստանյանը հիշեցրել է, որ Իրանի հետ ռազմավարական փաստաթուղթ ունենալու առաջարկը տարիներ առաջ արել է պաշտոնական Երևանը։

«Առաջինը մենք ենք նախագիծը փոխանցել, և, եթե կհիշեք, Իրանի նախագահի՝ Հայաստան նախորդ տարի տեղի ունեցած այցը և այն հռչակագիրը, որը երկու երկրների ղեկավարներն ընդունեցին, այնտեղ արդեն իսկ խոսվում է նման փաստաթուղթ ունենալու մտադրության մասին։ Հիմա իրանական կողմից մենք ստացել ենք իրենց դիտարկումները նախագծի մասին»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով, քանի որ փաստաթուղթը բավականին ծավալուն է, Հայաստանի պետական գերատեսչություններն այժմ ներկայացնում են իրենց դիրքորոշումները ոլորտային առանձին կետերի շուրջ, ինչից հետո արտաքին գործերի և միջազգային առևտրի գերատեսչությունը կամփոփի դրանք ու կփոխանցի իրանական կողմին՝ հետագա քննարկումների համար:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք առաջիկա այցը կարող է համընկնել փաստաթղթի ստորագրման հետ, Կոստանյանը նշել է:

«Մենք պատրաստակամ ենք այս փաստաթուղթը ստորագրել, տեսնենք, թե բանակցություններն իրանական կողմի հետ ոնց կընթանան»,- ասել է Կոստանյանը` հավելելով, որ փաստաթուղթը դեռ համաձայնեցման փուլում է:

Փոխնախարարը նաև նշել է, որ թեև վարչապետի այցի հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն փոխայցելությունները լինելու են շարունակական։ Միաժամանակ, Երևանը սպասում է Իրանի նախագահի այցին։

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հրավեր ունի մասնակցելու COP 17-ի շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին Հայաստանում, և հուսով ենք հյուրընկալել նրան նաև Երևանում։ [...] Նախնական ընկալում կա, որ կհյուրընկալենք պարոն Փեզեշքիանին»,- ասել է նա։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյոք Վաշինգտոնի և Թեհրանի միջև սրվող հարաբերությունների ֆոնին՝ հայ-ամերիկյան կապերի խորացումը չի կաշկանդում Երևանին Իրանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու հարցում, փոխնախարարն ընդգծել է Հայաստանի հավասարակշռված մոտեցումը.

«Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Միացյալ Նահանգները մեզ համար կարևոր ռազմավարական գործընկեր է, Իսլամական Հանրապետությունը՝ մեզ համար շատ կարևոր հարևան պետություն։ Եվ այս դիրքորոշումները մենք կոմունիկացնում ենք մեր մյուս գործընկերներին բնականաբար»,- պարզաբանել է Կոստանյանը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Երևանին հաջողվել է այս հարցում ընկալում գտնել գործընկերների մոտ. «Առնվազն վերջին մեկ տարվա մասին եթե խոսքը գնում է, մեզ հաջողվել է կոմունիկացիոն խողովակները երկու կողմերի հետ էլ բաց պահել և ներկայացնել մեր ազգային դիրքորոշումները, թե մենք ինչպես ենք զարգացնում մեր երկկողմ հարաբերություններն այլ երկրների հետ։ [...] Ըստ իս՝ հաջողվել է մեզ ընկալում գտնել երկու կողմերում էլ՝ մեր մյուս հարաբերությունների կարևորության վերաբերյալ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում