Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը ենթադրում է, որ Ադրբեջանը կապ չունի Գերմանիայում վերջերս բացահայտված աղմկահարույց լրտեսական սկանդալի հետ, որի շրջանակում հետախուզության նախկին ղեկավար Ավգուստ Հանինգը ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Թեև Գերմանիայի պաշտոնյաները չեն նշել, թե որ երկրներն են ներգրավված գործի մեջ, գերմանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հանինգին կասկածում են Ադրբեջանին աջակցելու մեջ։
«Բաքվում այս երկու օրերի հանդիպումները հաստատ ինձ չեն համոզել, որ Ադրբեջանի հետախուզական ծառայությունն այնքան ազդեցիկ է դարձել աշխարհում, որ կարող է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարին դրդել պետական դավաճանության»,- գրել է Միհկելսոնը՝ պատմության հրապարակումից երկու օր անց։
Հանինգը, որը Դաշնային հետախուզական ծառայությունը ղեկավարել է 1998-2005-ին, ձերբակալվել է իր նախկին աշխատակազմի ղեկավարի հետ, որի անունը Գերմանիայի Դաշնային դատախազությունը հոկտեմբերի 6-ի հայտարարությունում նշել է միայն որպես Մանֆրեդ Դ․։
Գերմանական Correctiv լրատվամիջոցը նույնպես հոդված է հրապարակել՝ մանրամասն ներկայացնելով Հանինգի լայն կապերն Ադրբեջանի հետ։
Ադրբեջանն իր հերթին հերքել է Հանինգի գործին առնչություն ունենալը։ Կառավարության հետ կապվող Anewz լրատվամիջոցը, հղում անելով անունները չնշված «գերմանական աղբյուրների», պնդել է, որ գործը Ադրբեջանի հետ կապ չունի։ Գերմանական կողմը չի հաստատել այս պնդումները։
Միհկելսոնը հարցազրույց է տվել ադրբեջանական իշխանամետ APA լրատվամիջոցին, որտեղ ընդգծել է Ադրբեջանի հետ թե՛ Էստոնիայի, թե՛ ավելի լայն առումով ԵՄ-ի կապերի խորացման կարևորությունը։
Միհկելսոնը նշել է, որ իր այցն Ադրբեջան վերջին 22 տարում Էստոնիայի պաշտոնական պատվիրակության առաջին այցն էր այդ երկիր։












