Գլխավոր Լրահոս

Վրացի ցուցարարը պնդում է, որ ոստիկանները ծեծել և սեռական բռնության են ենթարկել իրեն

Սերգեյ Կանչելին

Սերգեյ Կանչելին

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանում եվրոպամետ բողոքի ակցիաների 23-ամյա մասնակից Սերգեյ Կանչելին ոստիկաններին մեղադրել է խոշտանգումների և սեռական բռնության մեջ։ Կանչելիի խոսքով՝ միջադեպից հետո ինքը հեռացել է երկրից։

Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ Թբիլիսիի դատախազության քննչական բաժինը հետաքննություն է սկսել Կանչելիի նկատմամբ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից հնարավոր բռնության դեպքի առնչությամբ։

Կանչելիի նկատմամբ ենթադրյալ բռնությունը տեղի է ունեցել վրացի ոստիկանների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի մասին նախկին հաղորդումների ֆոնին։ Թեման կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Ռուսթավիի բանտի կալանավոր Գիորգի Դավիթաձեն հայտարարեց, որ բանտապահներն իրեն բռնաբարել են։ Դեպքը բողոքի ակցիաների և հանրային դատապարտման պատճառ դարձավ։ Իշխանությունները բազմիցս հերքել են որևէ ապօրինի գործողություն։

Facebook-ում հրապարակած գրառման մեջ Կանչելին հայտնել է, որ այժմ «անվտանգ երկրում» է և նկարագրել սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ենթադրյալ միջադեպը։

Կանչելին OC Media-ին պատմել է, որ վազելու ժամանակ իրեն կանգնեցրել են վեց ոստիկաններ, տարել գերեզմանատուն, ծեծել, զենքով սպառնացել և սեռական բռնության ենթարկել։

«Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, մոտավորապես կեսօրից հետո ժամը երեքին կամ չորսին ոստիկանները կանգնեցրին ինձ, երբ վազում էի։ Ընդհանուր առմամբ վեց հոգի էին։ Ինձ տարան գերեզմանատուն և ֆիզիկական բռնության ենթարկեցին՝ դանակով կտրելով դեմքս»,- OC Media-ին ասել է Կանչելին։

Նրա խոսքով՝ ոստիկանները նաև սպառնացել են կրակել ոտքերին, զենքը պահել մարմնի տարբեր մասերի ուղղությամբ և ստիպել փորել սեփական գերեզմանը, ապա շարունակել են ծեծել իրեն։

Կանչելին նաև ասել է, որ ոստիկաններն իրեն «ստիպել են» սեռական բնույթի գործողություն կատարել։ Նրա խոսքով՝ նրանցից մեկը իջեցրել է տաբատը և սեռական ոտնձգություն կատարել։ Կանչելիի պնդմամբ՝ դա տևել է մոտ 50 րոպե։

Նա նաև պնդում է, որ հարձակման ընթացքում ոստիկանները ծաղրել են իր քաղաքական հայացքները։

Կանչելին հայտնել է նաև, որ հեռավար կարգով բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզել ոստիկանների ինքնությունը և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։

Կանչելիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Կուկիայի գերեզմանատանը, երբ ինքը հրաժարվել է ապակողպել բջջային հեռախոսը։

Նա պատմել է, որ սկզբում իրեն կանգնեցրել են երեք հոգի, որոնցից մեկը ոստիկանական բաճկոնով էր, իսկ մյուս երկուսը՝ քաղաքացիական հագուստով։ Կանչելիի պնդմամբ՝ գերեզմանատուն տանելուց հետո քաղաքացիական հագուստով տղամարդկանցից մեկը հրամայել է իրեն հանվել։

Կանչելին հիշել է, որ իրեն ծեծել և սպառնացել են, ապա ևս մեկ տղամարդ է եկել։ Ավելի ուշ նրանց միացել են ևս երեք հոգի, որոնց նա նույնպես ոստիկաններ է համարում։

«Երեքն էլ շարունակեցին ծեծել ինձ։ Բռունցքներով էին հարվածում [...] Հետո ինձ ավելի խորքը տարան և այնտեղ էլ ծեծեցին՝ գերեզմանի ցանկապատի մոտ։ Ես հազիվ էի կարողանում ոտքի վրա կանգնել»,- ասել է նա։

Կանչելին նաև նկարագրել է, իր խոսքով, դիտավորյալ հոգեբանական և ֆիզիկական բռնություն՝ պնդելով, որ ոստիկաններն իրեն հակասական հրամաններ էին տալիս և ծեծում, երբ չէր կարողանում կատարել դրանք։

«Մեկը ասում էր՝ մեկ ոտքի վրա կանգնի՛ր, մյուսը՝ ձեռքդ այսպես բարձրացրու, իսկ եթե չէի անում, հարվածում էին։ Դիտավորյալ տարբեր բաներ էին ասում։ Օրինակ՝ մի ոստիկան ասում էր՝ ձեռքերդ բարձրացրու, ես բարձրացնում էի, մյուսն ասում էր՝ «ոչ, ես քեզ ուրիշ բան էի ասել», ու հարվածում էր։ Հետո, երբ անում էի երկրորդի ասածը, առաջինն ասում էր՝ «ոչ, ես քեզ ուրիշ բան էի ասել», ու նորից հարվածում էր»,- OC Media-ին պատմում է Կանչելին։

Նա նաև պատմել է, որ ոստիկաններից մեկը իր դրամապանակում գտել է իր և մոր լուսանկարը, սեռական օրգանները սեղմել լուսանկարին և վիրավորել մորը։ Կանչելիի խոսքով՝ նույն ոստիկանը հետո սպառնացել է այրել լուսանկարը, կրակայրիչ մոտեցրել դրան և ի վերջո վառել։

«Լուսանկարը պլաստիկից էր, դրա համար շատ չէր վնասվել, բայց մի անկյունում երևում է, որ այրվել է»,- ասել է նա։

Կանչելին հավելել է, որ կարող է ճանաչել բոլոր վեց ոստիկաններին։

Վրաստանի դատախազությունը հոկտեմբերի 8-ին հայտնեց, որ հետաքննություն է սկսել Կանչելիի նկատմամբ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից հնարավոր բռնության փաստով։

Գերատեսչության տվյալներով՝ գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով, որը վերաբերում է պաշտոնատար անձի կամ նրան հավասարեցված անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն՝ բռնության կամ զենքի կիրառմամբ։ Հանցագործության համար նախատեսվում է հինգից ութ տարվա ազատազրկում, ինչպես նաև մինչև երեք տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակում։

«Քրեական գործով կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, որոնց արդյունքների մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտարարել է դատախազությունը։

Կանչելին ասել է, որ Վրաստանից հեռանալը որոշում էր, որը չէր ցանկանում ընդունել, սակայն հեռացել է ընտանիքի և ընկերների անվտանգության համար մտահոգվելու պատճառով։

Նրա խոսքով՝ ինքը Վրաստանում ապրել է վեց տարի՝ 17 տարեկանում միայնակ Ռուսաստանից տեղափոխվելուց հետո։ Կանչելին հիշել է, որ դեռ մանկուց ցանկանում էր հեռանալ Ռուսաստանից և երկար աշխատել էր, որպեսզի կարողանա տեղափոխվել Վրաստան, որտեղ ուզում էր տեսնել իր «հայրենիքը», սովորել լեզուն, ճանապարհորդել և հանդիպել հարազատներին։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում