Գլխավոր Լրահոս

Թբիլիսիի քաղաքապետը երթևեկությունը թեթևացնելու համար նոր կանոններ է ներդնում

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ խաչմերուկներում կներդրվեն այսպես կոչված «դեղին վանդակներ»։ Նոր համակարգով վարորդները կարող են մտնել դեղին գծանշված հատված միայն այն դեպքում, եթե կարող են առանց կանգնելու անցնել այն։ Եթե առջևում խցանում է, և մեքենան չի կարող անմիջապես դուրս գալ խաչմերուկից, վարորդը պետք է սպասի և չմտնի դեղին վանդակի տարածք։

Կալաձեի խոսքով՝ «դեղին վանդակները» երթևեկության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու՝ միջազգայնորեն փորձարկված միջոց են։

«Հավանաբար, մեզանից նրանք, ովքեր մեքենա են վարում, տեսել են դեպքեր, երբ խաչմերուկում կանաչ լույս է վառվում, բայց առաջ գնալ հնարավոր չէ։ Վարորդները, միևնույն է, փորձում են մտնել խաչմերուկ և այդպիսով խանգարում են մյուս ուղղություններով շարժվող մեքենաներին, ինչն էլ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում բոլոր ուղղություններով»,- ասել է Կալաձեն։

Կալաձեն բացատրել է, որ Վրաստանի օրենսդրությամբ վարորդներն արդեն պարտավոր են նույնիսկ կանաչ լույսի դեպքում կանգնել, եթե առաջ շարժվելը խոչընդոտելու է երթևեկությանը։ Սակայն, նրա խոսքով, այս կանոնի պահպանումը վերահսկելը և այն կիրառելը դժվար է։

Քաղաքապետն անդրադարձել է նաև վերջին տարիներին ավտոմեքենաների թվի աճին։

«Օրինակ՝ մինչև 2012-ը քաղաքում մեքենաների թիվը 180 հազար էր, իսկ այսօր պիկ ժամերին քաղաքում 900 հազար մեքենա կա։ Սա շատ մեծ խնդիր և լուրջ մարտահրավեր է»,- ասել է Կալաձեն։

Թբիլիսիում երթևեկության խնդիրները վերջին տասնամյակում ավելի են սրվել՝ հիմնականում մասնավոր ավտոմեքենաների թվի համեմատաբար կտրուկ աճի պատճառով։ Վերջին շրջանում իրավիճակն ավելի է բարդացրել նաև Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկի՝ Ռուսթավելի պողոտայի ժամանակավոր փակումը։

«Դեղին վանդակների» համակարգը լայնորեն կիրառվում է Մեծ Բրիտանիայում, թեև դրա արդյունավետության վերաբերյալ կարծիքները տարբեր են։

Բրիտանական RAC ավտոապահովագրական ընկերության հարցման համաձայն՝ վարորդների 67 տոկոսը նշել է, որ որոշ դեղին վանդակներով խաչմերուկներով առանց կանգնելու անցնելը դժվար է, իսկ 13 տոկոսը նշել է, որ այդպես է իրենց հանդիպած խաչմերուկների մեծ մասի դեպքում։ Միևնույն ժամանակ կրկին 13 տոկոսը, կարծում է, որ բոլոր նման խաչմերուկներով անցնելը հեշտ է։

Այն վարորդների շրջանում, որոնք ասում են, որ դեղին վանդակներով խաչմերուկներով առանց կանգնելու անցնելը դժվար է, 78 տոկոսը կարծում է, որ դրա հիմնական պատճառը հաճախ լուսացույցների վատ հերթականությունն է, ոչ թե հենց «դեղին վանդակների» համակարգը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում