ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադարի, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։
«Երկու կողմերն էլ տվել են իրենց համաձայնությունը։ Մի՛ խախտեք այն»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Իսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնում է, որ իր համար Թրամփի խոսքերը նորություն են։
«Եթե ռուսական կողմը համաձայն է էներգետիկ հրադադարին, Ուկրաինան նույնպես կհամաձայնի։ Եթե Թրամփը Պուտինի հետ պայմանավորվել է այս հարցի շուրջ, խնդրում եմ՝ տեղեկացրեք մեզ, թե երբ է սկսվում հրադադարը։ Մենք պատրաստ ենք ընդունել այն»,- նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կոչերն անտեսելու համար։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին վաղուց պետք է խաղաղության համաձայնագիր կնքած լիներ Մոսկվայի հետ, սակայն դրա փոխարեն «խնդիրներ է ստեղծել ամբողջ աշխարհի համար»։
Նա նաև առաջարկել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնել՝ նշելով, որ ուկրաինացիները կարող են ընտրել բանակցությունների գնալու ավելի պատրաստակամ առաջնորդի։
Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանը դադարեցնի հարվածները ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին։












