Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում ճանապարհը 15 րոպեից ավելի արգելափակած վարորդները կտուգանվեն, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Քաղաքապետի խոսքով՝ անցկացված չափումների համաձայն՝ երկրորդ շարքում կայանված յուրաքանչյուր մեքենա առաջին հաջորդող ավտոմեքենային պատճառում է չորս վայրկյանի, իսկ երկրորդին՝ վեց վայրկյանի հապաղում, ինչը «պիկ» ժամերին շղթայական ազդեցությամբ հասնում է մինչև 1000-րդ մեքենային։
«Սա նշանակում է, որ մենք պետք է մեր գործիքակազմը, այսինքն՝ մեր տեսահսկող սարքերն օգտագործենք, որպեսզի այս տեսակ խախտումները պատժվեն։ Երրորդ խնդիրը ավտովթարներն են՝ 50-ից, չգիտեմ, 80,000 դրամանոց, կներեք այս արտահայտությունների համար, բայց իրար կռիլո քսած երկու ավտոն, որ, ասենք, կարող են կանգնեցնել, երկու կիլոմետրանոց խցանում ստեղծել, որովհետև, ասենք, եթե երեք գծանոց Միասնիկյան պողոտայի երկու գիծը իրենք փակում են, ասենք, միջինացված 22 կմ/ժ-ը կամ, չգիտեմ, 17 կմ/ժ-ը դառնում է 8 կմ/ժ, որովհետև վերադասավորումներ պետք է տեղի ունենան, և մի ահռելի, կարելի է ասել, երկու կիլոմետրանոց խցանում է տեղի ունենում»,- հայտարարել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է վերադառնալ քարշակների գործարկման թեմային և քննարկումներ ունենալ կառավարության ու ՆԳՆ գործընկերների հետ։
Քաղաքապետն արձանագրել է, որ փոքր նյութական վնասով պատահարները կարող են առաջացնել երկու կիլոմետրանոց խցանումներ, ինչպես օրինակ Միասնիկյան պողոտայում, որտեղ երկու գծի արգելափակման հետևանքով միջին արագությունը նվազում է մինչև 8 կմ/ժ։
«Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների շրջանակում մենք հստակ տուգանք ենք դրել 15 րոպեից ավել վթարի դեպքում, եթե լուրջ հետևանքներ չկան, և այդտեղ լուրջ հետևանքներ ասվածը շատ հստակ նկարագրված է»,- ընդգծել է Ավինյանը՝ դիմելով երևանցիներին. «Եթե դուք ավտոճանապարհային ինչ-որ վթարի եք ենթարկվել, և այնուամենայնիվ այդ վթարը իրապես առողջական հետևանքներ չունի, նամանավանդ եթե դա պիկ ժամն է, 15 րոպեից ավել կայանելու դեպքում ուզում եմ իմանաք, որ դուք կարող եք տուգանվել»։
Անդրադառնալով ապահովագրական ընկերություններին՝ Ավինյանը շեշտել է. «Սիրելի ապահովագրական ընկերություններ, սա հստակ ձեզ ևս մեսիջ է, չի կարելի պահանջել ավելին մարդկանցից փոխհատուցում տալու համար, քան այն, ինչը որ գրված է թղթի վրա»։
Նա հավելել է, որ ապահովագրական ընկերությունները պետք է դուրս գան «կոմֆորտ զոնայից» և գտնեն նորարարական մեթոդներ վնասի չափն արձանագրելու համար։
«Ես վստահ եմ, որ դատարաններում հետո ապահովագրական ընկերությունները պարտվելու են, որովհետև այս պետությունը ասել է՝ մեր ճանապարհային երթևեկության անխափան շարժունակությունը ավելի կարևոր է, քան ձեր, այսպես ասած, այդ 50 կամ 60 հազար դրամի ռիսկը»,- նշել է քաղաքապետը։












