Գլխավոր Լրահոս

Կոբախիձեի՝ կոռուպցիայի մասին ակնարկից հետո «Վրաստանի փոստում» հետաքննություն է սկսվել

Կոբախիձեի՝ կոռուպցիայի մասին ակնարկից հետո «Վրաստանի փոստում» հետաքննություն է սկսվել

Լուսանկարը՝ «Վրաստանի փոստից»

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո «Վրաստանի փոստում» հետաքննություն է սկսվել։ Նա ասել էր, որ փոստային ծառայության հետ աշխատած միջնորդ ընկերությունները կոռուպցիայի հնարավորություններ են ստեղծել։

Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունը OC Media-ին հաստատել է, որ հետաքննություն է ընթանում, սակայն չի հստակեցրել՝ երբ է այն սկսվել, ինչի է վերաբերում և արդյոք դրանում ներգրավված է ընկերության նախկին գլխավոր տնօրեն Լևան Չիկվաիձեն։

Կառավարության նիստում Կոբախիձեն խոսել է «Վրաստանի փոստում» իրականացված փոփոխությունների մասին՝ նշելով, որ նախկինում արտաքին կազմակերպություններին պատվիրակված գործառույթները վերադարձվել են հենց ընկերության կառավարմանը։

«Այս միջնորդ ընկերությունները կոռուպցիայի լավ միջոց էին։ Հավանաբար, համապատասխան մարմինները դա կպարզեն»,- ասել է Կոբախիձեն։

Նրա պնդմամբ՝ ծառայությունները կրկին ընկերության ներսում կազմակերպելը «Վրաստանի փոստին» տարեկան լրացուցիչ 14,2 միլիոն լարի՝ մոտ 5,2 միլիոն դոլար եկամուտ կբերի։

Կոբախիձեն նաև հայտարարել է, որ անձնակազմի օպտիմալացման միջոցով ընկերությունը խնայել է 2,5 միլիոն լարի՝ մոտ 920 հազար դոլար, իսկ վնասով աշխատող սպասարկման կենտրոնների օպտիմալացման շնորհիվ՝ ևս 1,1 միլիոն լարի՝ մոտ 400 հազար դոլար։

Նա հավելել է, որ ընկերության օդային տերմինալի գործունեության վերականգնումը կապահովի լրացուցիչ 1,3 միլիոն լարի՝ մոտ 480 հազար դոլար եկամուտ, իսկ միջազգային ավիաընկերությունների հետ համագործակցությունը, ըստ սպասումների, եկամուտը կավելացնի ևս 4,4 միլիոն լարիով՝ մոտ 1,6 միլիոն դոլարով։

Կոբախիձեի խոսքով՝ 2026-ը ընկերության համար կլինի առաջին շահութաբեր տարին։

Ընկերության անհատական աուդիտավորված ֆինանսական հաշվետվությունները ցույց են տալիս, որ «Վրաստանի փոստը» 2025-ն ավարտել է 8,6 միլիոն լարի՝ մոտ 3,2 միլիոն դոլար վնասով, մինչդեռ 2024-ին ունեցել էր 833 հազար լարի՝ մոտ 310 հազար դոլար շահույթ։ Ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 3,5 տոկոսով՝ հասնելով 82,3 միլիոն լարիի՝ մոտ 30 միլիոն դոլարի։

2025-ի սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր, որ Չիկվաիձեն ազատվել է «Վրաստանի փոստի» գլխավոր տնօրենի պաշտոնից։ Նա ընկերությունը ղեկավարում էր 2012-ից։ Նրան փոխարինել է Գիորգի Էրաձեն, որը ներկայում ղեկավարում է ընկերությունը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում