Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Transparency International Georgia-ն առանձնացրել է 93 բառ և արտահայտություն, որոնց օգտագործումը Վրաստանի Հաղորդակցությունների հանձնաժողովը (ComCom), ըստ կազմակերպության, նախկինում արգելել է իշխանություններին քննադատող Formula և TV Pirveli հեռուստաընկերությունների լրատվական նյութերում։ ComCom-ը մեղադրել է Transparency International Georgia-ին՝ հրապարակված ցուցակով հանրությանը մոլորեցնելու մեջ։
Transparency International Georgia-ն նշել է, որ ուսումնասիրել է Formula-ի և TV Pirveli-ի վերաբերյալ կազմված բոլոր յոթ հուշագրերը և պարզել, որ հանձնաժողովը դրանցում առարկել է բառերի կամ արտահայտությունների օգտագործման 101 դեպք։ Դրանցից 33-ը վերաբերել են TV Pirveli-ին, 68-ը՝ Formula-ին, իսկ որոշ արտահայտություններ կրկնվել են։ Ընդհանուր առմամբ կազմակերպությունն առանձնացրել է 93 տարբեր բառ և արտահայտություն։
Հաղորդակցությունների հանձնաժողովը հերքել է արգելված բառերի կամ արտահայտությունների որևէ ցուցակի գոյությունը՝ հայտարարելով, որ կոնկրետ տերմինաբանություն չի արգելել։ Հանձնաժողովի պնդմամբ՝ սահմանափակումները վերաբերում են հեռարձակողների՝ լուրերն ու հասարակական-քաղաքական թեմաները առանց սեփական կարծիքն ու վերաբերմունքն արտահայտելու լուսաբանելու օրենսդրական պարտավորությանը։
Հանձնաժողովը նշել է, որ աշխատանքային հանդիպումներ է անցկացրել հեռարձակողների հետ և հրապարակել ուղեցույցներ՝ օրենքի պահանջներին համապատասխանելու համար։ Այն հավելել է, որ նպատակը հեռարձակողներին պատժելը չէ, այլ օրենքի կիրառումն ապահովելը, բարձր մեդիա չափանիշներ հաստատելն ու հանրային շահը պաշտպանելը։
Հանձնաժողովը հայտարարել է, որ կշարունակի համապատասխան քայլեր ձեռնարկել՝ օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու համար։
Transparency International Georgia-ի հրապարակած ցուցակում ներառված են, օրինակ, «ռեժիմ», «խղճի բանտարկյալներ», «օլիգարխ», «քաղբանտարկյալներ», «քաղաքական պատանդներ», «ռեպրեսիվ քաղաքականություն», «Վրացական երազանքի ոստիկանություն», «ապօրինի ազատազրկում», «Վրացական երազանքի կառավարություն», «ռեժիմի դատարան» և «դատական կլան» ձևակերպումները։
ՀԿ-ի զեկույցի համաձայն՝ հանձնաժողովը նաև առարկել է «Իվանիշվիլիի վարչապետ», «Վրացական երազանքի պատգամավոր», «Իվանիշվիլիի նախագահ», «Վրացական երազանքի Պետական անվտանգության ծառայություն» և «այսպես կոչված կրթական բարեփոխում» արտահայտությունները։
Transparency International Georgia-ն նաև նշել է, որ կոնկրետ բառապաշարից բացի հանձնաժողովը հեռարձակողներից ակնկալում է լուրերը ներկայացնել առանց մեկնաբանության կամ վերլուծության։ Հուշագրերում, ըստ հաղորդումների, լրագրողների ու հաղորդավարների մի շարք ձևակերպումներ ներկայացված են որպես անընդունելի լեզվի օրինակներ։ Դրանց թվում են «Վրացական երազանքին» «բարոյականության ոստիկանություն» ստեղծելու մեջ մեղադրելը, իշխող կուսակցության աջակիցներին Չեչնիայի որոշ խմբերի հետ համեմատելը, ինչպես նաև պնդումները, թե իշխող կուսակցությունը կրկնօրինակում է մի մոդել, որտեղ որոշ մարդկանց բռնություն գործադրելու պաշտոնական լիազորություն է տրվում։
ՀԿ-ի զեկույցում նշված այլ օրինակների թվում են ոստիկանության կողմից ակտիվիստներին «որսալու» մասին ձևակերպումները, «Վրացական երազանքը» Վաշինգտոնում ռուսամետ քաղաքական գործչի աջակցության վրա հենվող ուժ ներկայացնելը, ինչպես նաև կառավարությանը մեղադրելը Վրաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհը փակելու և ապատեղեկատվությունն ուժեղացնելու մեջ։
Վերջին վեց ամիսներին հանձնաժողովը երկու հեռուստաընկերությունների վերաբերյալ յոթ հուշագիր է կազմել, ինչից հետո տուգանքների չափն աստիճանաբար աճել է։ Հոկտեմբերի 1-ին հանձնաժողովը երրորդ անգամ Formula-ին տուգանել է 10 հազար լարիով՝ մոտ 3700 դոլարով, այնպիսի լեզվի օգտագործման համար, որը համարել է հեռարձակման անաչառության պահանջների խախտում։
Հանձնաժողովը խախտումները բնութագրել է որպես դեպքեր, երբ հաղորդավարները կամ լրագրողները ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետն են արտահայտել և տեղեկությունը հեռուստադիտողին ներկայացրել սեփական հայացքների ու վերաբերմունքի շրջանակում։
ՀԿ-ն հայտարարել է, որ հանձնաժողովը, ըստ ամենայնի, երկու հեռուստաընկերություններին հերթով պատժելու տրամաբանությամբ է գործում և կանխատեսել, որ TV Pirveli-ն նույնպես կարող է նման տուգանքի ենթարկվել։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ հետագա ֆինանսական պատժամիջոցները կարող են վտանգել հեռուստաընկերությունների գործունեությունը՝ նշելով նաև, որ հանձնաժողովն իրավասու է կասեցնել նրանց հեռարձակման լիցենզիաները։
Հանձնաժողովը մշտադիտարկման տակ է վերցրել նաև իշխանամետ Imedi, POSTV և Rustavi 2 հեռուստաալիքները։ Սակայն TI Georgia-ն կասկածի տակ է դրել, թե արդյոք այս մշտադիտարկումն իրականացվում է անաչառ կերպով՝ պնդելով, որ գործընթացը հիմնականում ուղղված է քննադատական լրատվամիջոցներին պատժելուն։
Հանձնաժողովը սպառնացել էր սկսել քննադատական հեռարձակողների բովանդակության մշտադիտարկումը այն բանից հետո, երբ 2026-ի փետրվարին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց իշխանամետ Imedi և POSTV հեռուստաալիքների նկատմամբ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մասին կեղծ տեղեկություններ միտումնավոր տարածելու և ռուսական ապատեղեկատվությանը աջակցելու պնդումների պատճառով։
Imedi-ն պատժամիջոցներն անվանել էր անարժեք՝ հայտարարելով, որ շարունակելու է ծառայել Վրաստանին և խոսքի ազատությանը, իսկ POSTV-ի հիմնադիր Շալվա Ռամիշվիլին ենթադրել էր, որ հեռուստաալիքը պատժամիջոցների է ենթարկվել այն պատճառով, որ չի պնդել, թե Ուկրաինան հաղթում է Ռուսաստանի դեմ պատերազմում։
Հանձնաժողովը նման լեզուն համարում է պետական մարմինների և կառույցների վերաբերյալ հեռարձակողի անձնական կարծիքի կամ վերաբերմունքի արտահայտում, ինչը, ըստ նրա, խախտում է Վրաստանի «Հեռարձակման մասին» օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ կետը։
Վրաստանի «Հեռարձակման մասին» օրենքով հեռարձակողներին արգելվում է քաղաքական կամ այլ հակամարտությունները և ընթացիկ հանրային քաղաքականության հարցերը լուրերում ու որոշ հասարակական-քաղաքական հաղորդումներում լուսաբանել՝ ելնելով հեռարձակողի անձնական տեսակետից կամ վերաբերմունքից։ Իշխող կուսակցությունը 2025-ի գարնանը փոփոխել է հեռարձակման մասին օրենքը՝ կարգավորելով հեռարձակողների լուսաբանման չափանիշները թե՛ եթերում, թե՛ սոցիալական ցանցերում։
Նախկին օրենսդրությամբ հեռարձակման չափանիշների խախտումներին արձագանքելու իրավասությունը պատկանում էր հենց հեռարձակողների ներսում գործող ինքնակարգավորման մարմիններին։ Սակայն 2025-ի փոփոխություններով նույն լիազորությունը տրվել է նաև պետական մարմնին՝ Հաղորդակցությունների հանձնաժողովին։
Transparency International Georgia-ն պնդում է, որ նման լեզվի սահմանափակումը կարող է հեռարձակողներին զրկել հանրային քաղաքականությունն ու պետական պաշտոնյաների գործողությունները քննադատաբար վերլուծելու հնարավորությունից։
ՀԿ-ն նաև մտահոգություն է հայտնել հանձնաժողովի կազմի վերաբերյալ՝ պնդելով, որ դրա անդամները հավատարիմ են «Վրացական երազանքին» կամ կապված են կուսակցության հետ։ Կազմակերպությունը հատկապես մտահոգիչ է համարում կարգավորողի՝ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու և հեռարձակման լիցենզիաները կասեցնելու լիազորությունները՝ Վրաստանում, իր բնորոշմամբ, պետական ինստիտուտների զավթման պայմաններում։
2026-ի հունվարին հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Վրացական երազանքի» նախկին պատգամավոր Գոգա Գուլորդավան, որը մինչ այդ հանձնաժողովի անդամ էր։
Transparency International Georgia-ն հանձնաժողովին կոչ է արել դադարել գրաքննիչի դեր կատարել և պնդել, որ հեռարձակման անաչառության վերաբերյալ վեճերը, միջազգային պրակտիկային համապատասխան, պետք է լուծվեն ինքնակարգավորման մեխանիզմներով։












