Գլխավոր Լրահոս

Վրաստանը նախատեսում է դեպի Անակլիայի նավահանգիստ 200 միլիոն դոլար արժողությամբ երկաթուղի կառուցել

Անակլիայի նավահանգստի առաջարկվող նախագիծը

Անակլիայի նավահանգստի առաջարկվող նախագիծը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանը նախատեսում է կառուցել 18 կիլոմետր երկարությամբ երկաթուղի, որը կմիանա Անակլիայի նավահանգստին։ Շինարարության մրցույթի հաղթողին նախատեսվում է որոշել մինչև հոկտեմբերի վերջ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Համաշխարհային բանկը կաջակցի մոտ 200 միլիոն դոլար գնահատվող նախագծին։

Անակլիայի նավահանգստի նախագիծը Վրաստանում երկար և քաղաքական առումով բարդ պատմություն ունի։ Դրա սկզբնական գաղափարը ներկայացվել էր դեռ 2006-ին, այնուհետև նախագիծը տարբեր փուլերով շարունակվել էր մինչև Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ավարտը և «Վրացական երազանքի» իշխանության գալը։

Կոբախիձեի խոսքով՝ երկաթուղու նախագիծը «Վրացական երկաթուղում» իրականացվող ավելի լայն փոփոխությունների մի մասն է, որոնք, նրա պնդմամբ, արդեն 190 միլիոն լարի՝ մոտ 73 միլիոն դոլար խնայողություն են ապահովել։

Կոբախիձեն ասել է, որ Անակլիան երկաթուղային ցանցին միացնելու նախագծի աշխատանքները շարունակվում են։ Նա նաև հայտնել է, որ նախատեսվող 18 կիլոմետրանոց հատվածի ընդհանուր արժեքը մոտ 200 միլիոն դոլար է, իսկ Համաշխարհային բանկը կմասնակցի ֆինանսավորմանը։

Նրա խոսքով՝ շինարարության մրցույթը կհայտարարվի մինչև հոկտեմբերի վերջ։

Կոբախիձեն նաև անդրադարձել է «Վրացական երկաթուղում» իրականացված փոփոխություններին՝ նշելով, որ տնտեսական ոլորտի բարեփոխումների ընդհանուր պատկերը ներկայացրել էր այն ժամանակ, երբ Մարիամ Կվրիվիշվիլին առաջադրվել էր փոխվարչապետի պաշտոնում։ Նրա խոսքով՝ ներկայացման հիմնական մասը վերաբերում էր նախորդ մեկուկես տարում իրականացված փոփոխություններին, որոնցում կարևոր տեղ էր զբաղեցնում «Վրացական երկաթուղին»։

Վրաստանը հուլիսին հայտարարել էր, որ Չինաստանը պաշտոնապես դուրս է եկել Անակլիայի խորքային նավահանգստի նախագծից։ Շատ փորձագետներ և քննադատներ դա սպասելի էին համարում, քանի որ Չինաստանի հնարավոր դուրս գալու մասին լուրերը շրջանառվում էին ամիսներ շարունակ։

Հատակախորացման աշխատանքների ավարտից հետո Անակլիայի նավահանգստի տարածքում ծովի խորությունը կհասցվի մոտ 17,5 մետրի։ Նախագիծը նախատեսում է նաև 1376 մետր երկարությամբ ալեկոտրիչի կառուցում։ Այդ խորությունը հնարավորություն կտա նավահանգստին ընդունել Սև ծովում աշխատող ամենախոշոր և մեծ տարողությամբ նավերից մի քանիսը, իսկ ալեկոտրիչը կստեղծի պաշտպանված նավահանգստային ավազան և հնարավորություն կտա զարգացնել խորքային կոնտեյներային նավամատույցներ, ինչպես նաև չոր և սորուն բեռների համար նախատեսված նավամատույցներ։ Նախագծով նախատեսվում է տարեկան առնվազն 95 տոկոս գործառնական հասանելիություն։

Ալեկոտրիչի ցամաքային սկզբնական հատվածի շինարարությունն արդեն ընթանում է․ տեղադրվում են քար և լցանյութեր։ Այս փուլից հետո շինարարությունը կշարունակվի ծովում։

Նախագիծը զարգացվում է «landlord port» մոդելով, որի դեպքում պետությունը կառուցում և տնօրինում է նավահանգստի հիմնական ենթակառուցվածքը, իսկ մասնավոր գործընկերները պատասխանատու են տերմինալների կառուցման և շահագործման համար։ Էկոնոմիկայի նախարարության խոսքով՝ այս մոդելը պետք է խթանի մրցակցությունը, ներգրավի միջազգային գործընկերների և բեռնահոսքեր ու նպաստի նավահանգստի արդյունավետ աշխատանքին։

Պետությունն է նաև պատասխանատու Անակլիան երկրի ընդհանուր տրանսպորտային ցանցին կապող ենթակառուցվածքների կառուցման համար, այդ թվում՝ նոր ճանապարհի և երկաթուղու։

Վերջերս ընթացող աշխատանքների ստուգման ժամանակ «Anaklia Sea Port» ՍՊԸ-ի տնօրեն Զուրաբ Սիչինավան, Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Իվանե Աբաշիձեն և Jan De Nul ընկերության Անակլիայի ծրագրի տնօրեն Էրիկ Բեյթսը ծանոթացել են շինհրապարակում կատարված աշխատանքներին։

Բեյթսը Անակլիայի խորքային նավահանգիստը կարևոր նախագիծ է անվանել Վրաստանի տնտեսության համար՝ նշելով, որ այն կնպաստի զբաղվածության աճին, ինչպես նաև Վրաստանի և համաշխարհային ՀՆԱ-ի ավելացմանը։

2016-ին Վրաստանի կառավարությունը Սև ծովի ափին խորքային նավահանգիստ կառուցելու և շահագործելու համար ընտրել էր «Anaklia Development Consortium» ՍՊԸ-ին։ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը ներկայացվում էր որպես խոշոր ռազմավարական ներդրում, որը կարող էր ամրապնդել Վրաստանի դերը որպես տարածաշրջանային առևտրային և տրանսպորտային հանգույց՝ ստեղծելով պատմական Մետաքսի ճանապարհով Չինաստանը Եվրոպային կապող ուղիղ երթուղի։

Սակայն նախագիծը շուտով հայտնվեց քաղաքական և ֆինանսական խնդիրների առջև։ 2020-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ կոնսորցիումը չի կատարել պայմանագրային պարտավորությունները, և խզեց համաձայնագիրը։ Կոնսորցիումը հետագայում վիճարկեց կառավարության որոշումը։ 2022-ին այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը կվերսկսի Անակլիայի նավահանգստի աշխատանքները նոր պայմաններով, իսկ կառավարությունը 2,5 միլիարդ դոլար արժողությամբ նախագծում կունենա 51 տոկոս բաժնեմաս։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում