Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) ՀԿ-ն հայտնաբերել է 424 ոչ իսկական Facebook հաշիվներից կազմված համակարգված ցանց, որը արհեստականորեն մեծացրել է «Վրացական երազանքի» առաջնորդների հրապարակումների արձագանքները։
Հաշիվները դրական արձագանքներ են տվել «Վրացական երազանքի» առաջնորդների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրկիցխալիայի հրապարակումներին։
Meta-ն դեռ չի արձագանքել ուսումնասիրությանը, սակայն նախկինում արգելափակել է ISFED-ի կողմից որպես բոտեր բացահայտված հաշիվներ։
Ցանցի տարածած հրապարակումներից շատերը նույն թեմաներին էին վերաբերում՝ 2025-ի հոկտեմբերի 4-ի «խաղաղ հեղափոխության» քննադատությանը, Եվրամիության հետ հարաբերությունների բացասական ներկայացմանը և արևմտյան գործընկերների քննադատությանը։
Պապուաշվիլին, պատասխանելով ընդդիմադիր TV Pirveli-ի հարցին, մերժել է ուսումնասիրության եզրակացությունները՝ ենթադրելով, որ ՀԿ-ները կարող են իրենք նման հաշիվներ ստեղծել, ապա «բացահայտել» դրանք։ Նա պնդել է, որ «Վրացական երազանքն» ունի 1,2 միլիոն իրական աջակից, և, ըստ նրա, այդ թիվը 14 տարի շարունակ չի փոխվել։ Պապուաշվիլին նաև TV Pirveli-ի հիմնական հովանավորներից Մամուկա Խազարաձեին մեղադրել է արհեստական աջակցության պատկերի ստեղծմամբ շահագրգռված լինելու մեջ։ Խազարաձեն նաև ընդդիմադիր «Լելո» կուսակցության նախագահն է։
ISFED-ը պարզել է, որ ուսումնասիրված հաշիվներից 424-ը ստեղծվել են 2026-ի օգոստոսի 25-26-ին․ 303-ը՝ օգոստոսի 25-ին, ևս 109-ը՝ հաջորդ օրը։ Կազմակերպության խոսքով՝ դրանց Facebook նույնականացման համարները շատ մոտ են միմյանց, ինչը վկայում է, որ հաշիվները կարճ ժամանակահատվածում զանգվածաբար են գրանցվել։
424 հաշիվներից 295-ը, ըստ ISFED-ի, օգտագործել են արհեստական բանականությամբ ստեղծված պրոֆիլային լուսանկարներ, իսկ 298-ի էջերը փակ են եղել։ Կազմակերպությունը նաև հայտնաբերել է 22 հաշիվ, որոնք օգտագործել են հայտնի մարզիկների, դերասանների և ռեժիսորների լուսանկարներ։
ISFED-ը համակարգված գործունեության մի շարք նշաններ է հայտնաբերել, որոնք վկայում են, որ հաշիվները գործել են որպես բոտեր։ Օրինակ՝ առնվազն 10 հրապարակման արձագանքողների ցուցակներում հաշիվները հայտնվել են նույն հերթականությամբ, իսկ տարբեր հրապարակումների տակ նույն խմբերը կրկին ու կրկին միասին են երևացել։ Կազմակերպության գնահատմամբ՝ սա ցույց է տալիս, որ հաշիվները հրապարակումներին հավանումներ են տվել համակարգված խմբերով, ոչ թե ինքնուրույն։
Հաշիվներից շատերը նաև հետևել են նույն Facebook էջերին։ Օրինակ՝ 235-ը հետևել է «Tbilisi news» անունով էջին։
Չնայած անվանմանը՝ 2026-ի սեպտեմբերի 3-ին ստեղծված «Tbilisi news» էջը Թբիլիսիի մասին նորություններ չի հրապարակում։ Փոխարենը այնտեղ անգլերեն բովանդակություն է հրապարակվում բիզնեսում արհեստական բանականության և սոցիալական ցանցերի ավտոմատացման մասին։
Թեև էջի հրապարակումների մեծ մասը գրեթե արձագանք չի ստացել, հոկտեմբերի 7-ին և 9-ին հրապարակված երկու գրառումներ ստացել են համապատասխանաբար 352 և 349 հավանում՝ առանց որևէ մեկնաբանության կամ տարածման։
ISFED-ը պարզել է, որ այդ հրապարակումները հավանած օգտատերերի ճնշող մեծամասնությունը նույն ցանցի մաս է։
Կազմակերպության պնդմամբ՝ այս տվյալները ցույց են տալիս, որ հաշիվները կառավարվել են մեկ կենտրոնից և նպատակ են ունեցել իշխանության նկատմամբ հանրային աջակցության արհեստական տպավորություն ստեղծել։
ISFED-ը նոր հայտնաբերված ցանցում նաև առանձնացրել է 11 հաշիվ, որոնք ստեղծվել էին 2024-ի հունվարին և ապրիլին՝ մոտավորապես նույն ժամանակ, երբ ստեղծվել էին նախկինում հայտնաբերված մեկ այլ ցանցի հաշիվները։ Այդ ցանցը մեծացնում էր Imedi TV-ի Facebook հրապարակման արձագանքները, որտեղ Բիձինա Իվանիշվիլին ներկայացված էր Վրաստանի անկախության շարժման գործիչներ Մերաբ Կոստավայի և Զվիադ Գամսախուրդիայի կողքին։
ISFED-ը հայտնել է, որ նախորդ ցանցի վերաբերյալ հետաքննության հրապարակումից հետո այնտեղ ներառված 1551 հաշիվներից 1343-ը այլևս հնարավոր չէ գտնել Facebook-ում։
Առանձին՝ «Մեդիայի զարգացման հիմնադրամ» ՀԿ-ի մաս կազմող Myth Detector մշտադիտարկման կազմակերպությունը նույնպես 2026-ի ընթացքում մինչ այժմ հայտնաբերել է ավելի քան 400 պրոֆիլ, որոնք օգտագործել են արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկարներ և առցանց աջակցել «Վրացական երազանքին»։












