Meta-ն հոկտեմբերի 12-ին գործարկել է արհեստական բանականության նոր՝ Muse Wonder մոդելը, որը, ընկերության պնդմամբ, որոշ տեխնիկական թեստերում գերազանցում է OpenAI-ի և Anthropic-ի համադրելի համակարգերին։
Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 12-ին, հայտարարել է, որ ընկերությունը հասել է AI-ի առաջատարների մակարդակին։
Meta-ն նախատեսում է նոր մոդելը ներառել իր Muse անձնական AI օգնականում, որը կարող է օգտատիրոջ փոխարեն մթերք պատվիրել, ճանապարհորդություն ամրագրել և առօրյա այլ գործողություններ կատարել։ Ըստ ընկերության՝ Muse Wonder-ը կարող է նաև օգնել հասկանալ վարձակալության պայմանագիրը, ֆինանսական կամ առողջությանը վերաբերող տեղեկություններ։
Ցուկերբերգի խոսքով՝ այս արդյունքին հասնելու համար պահանջվել են մեծ հաշվողական հզորություններ, ներդրումներ և երկարատև գիտական աշխատանք։ FT-ի հաղորդմամբ՝ անցած տարվանից նա միլիարդավոր դոլարներ է ուղղել տվյալների կենտրոնների կառուցմանը, առաջատար հետազոտողների ներգրավմանը և ընկերության AI ղեկավարության վերակազմավորմանը։
Ցուկերբերգը ազդարարել է ներդրումները շարունակելու մտադրությունը՝ նշելով, որ Meta-ն արդեն աշխատում է զարգացման հաջորդ քայլի վրա։
Անձնական օգնականներ և անվտանգության հարցեր
Ցուկերբերգը Meta-ի նպատակը բնորոշում է որպես «անձնական գերբանականության» ստեղծում՝ շեշտը դնելով անհատների հնարավորություններն ընդլայնելու վրա։
Նրա գնահատմամբ՝ AI-ի առաջընթացը դեռ անհավասար է․ համակարգերն արագ զարգանում են որոշ գիտական ոլորտներում, բայց բավարար ողջամտություն չունեն՝ իդեալական անձնական օգնական լինելու համար։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծող համակարգերը ստեղծվել են ավելի վաղ, քան բոլորի համար հաճախորդների սպասարկումը հուսալիորեն իրականացնող համակարգեր։
Անդրադառնալով անվտանգության մտահոգություններին՝ Ցուկերբերգն ասել է, որ ավելի հակված է AI-ը համարելու տեխնոլոգիա, որը հնարավոր է պատասխանատու ձևով կառուցել և կառավարել անվտանգության մեխանիզմներով։ Նրա կարծիքով՝ մոդելների անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը պետք է կրի յուրաքանչյուր լաբորատորիա։
Նա նախկինում դեմ է հանդես եկել ոլորտի զարգացման ընդհանուր դանդաղեցման կոչերին, թեև հարցազրույցում նշել է, որ Meta-ն երբեմն դանդաղեցրել է սեփական աշխատանքը՝ արտադրանքի անվտանգությունն ապահովելու համար։
Muse Wonder-ը նաև փոփոխություն է Meta-ի բիզնես մոտեցման մեջ։ Ընկերությունը նախկինում առաջնահերթություն էր տալիս բաց կոդով մոդելներին, մինչդեռ նոր մոդելը փակ է լինելու, իսկ առավել հզոր տարբերակները վաճառվելու են անմիջապես բիզնեսներին։
Meta-ն միաժամանակ առերեսվում է գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների։ FT-ի հաղորդմամբ՝ փոքրաթիվ օգտատերեր Muse-ին մեղադրել են առանց թույլտվության մասնավոր տեղեկություններին հասանելիություն ստանալու կամ դրանք տարածելու մեջ։ Ցուկերբերգը խոսել է ապագա Muse Confidential VM տարբերակի մասին, որի դեպքում, ընկերության խոստմամբ, օգտատիրոջ տվյալներն ու AI օգնականի հետ զրույցները հասանելի չեն լինի նույնիսկ Meta-ին։
Ցուկերբերգի գնահատմամբ՝ տեխնոլոգիաները կարող են ընկերություններին թույլ տալ ավելի շատ գործ անել՝ առանձին աշխատանքների համար ավելի քիչ մարդկանց ներգրավելով։ FT-ի հաղորդմամբ՝ Meta-ն մայիսին կրճատել է աշխատակիցների 10 տոկոսը՝ շուրջ 8,000 աշխատատեղ։
«Meta-ի նման ընկերությունը շատ ավելի շատ գործեր է անելու, քան այսօր, բայց յուրաքանչյուր գործի համար հնարավոր է՝ փոքր-ինչ ավելի քիչ մարդիկ պահանջվեն»,– ասել է Ցուկերբերգը։ Միաժամանակ նա ակնկալում է, որ ապագայում ավելի շատ մարդիկ տեխնոլոգիաների միջոցով նոր բաներ ստեղծելու աշխատանք կունենան։












