Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում, որպեսզի սահմանի որևէ կողմում անկլավներ և էքսկլավներ չլինեն․ տեսաուղերձով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո սահմանազատման սկզբունքները։
«Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն երկու երկրները, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Վարչապետն ընդգծել է, որ բոլոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում և դրանից դուրս։
«Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, աշխատելու և հաղորդակցություն ապահովելու տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է նաև, որ կողմերը չպետք է միմյանց որևէ պահանջ ներկայացնեն բոլոր հարցերում, ներառյալ Ղարաբաղի, Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի կամ «Արևմտյան Ադրբեջանի» տրամաբանությամբ, և պետք է հանգիստ թողնեն միմյանց։
«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջին զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրականություն դարձնելով»,- ասել է վարչապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ օրերին Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական շփումներ են ունեցել, սակայն դրանց բովանդակության մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։











