Ամուլսարի հանքի շահագործումը պետական բյուջեին հարկերի և ռոյալթիների տեսքով կապահովի տարեկան շուրջ 120-130 մլն դոլարի մուտքեր։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է «Լիդիան Արմենիա» ընկերությունում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։ Հանքի շահագործումը պաշտոնապես մեկնարկել է հոկտեմբերի 10-ին։
Սանոսյանի խոսքով՝ ծրագրում ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 750 մլն դոլար, որից 250 մլն դոլարից ավելին բաժին է ընկնում վերսկսման փուլին, ներառյալ 150 մլն դոլարի պետական երաշխիքով վարկը։ Հանքում նախատեսվում է արտադրել տարեկան մոտ 210,000 ունցիա ոսկի, իսկ զբաղվածների թիվը կկազմի 1200-1300 մարդ՝ լրացուցիչ ապահովելով մոտ 4000 ածանցյալ աշխատատեղ տարբեր ոլորտներում։
«Եթե եկամտային մասը նայենք, մոտ հաշվարկները 120-ից 130 մլն դոլար է այսօրվա ոսկու արժեքի պարագայում»,- նշել է Սանոսյանը։
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ստորագրվել է նոր համաձայնագիր ազդակիր երեք համայնքների՝ Ջերմուկի, Վայքի և Սիսիանի հետ, համաձայն որի շինարարության փուլում ընկերությունը պարտավորվում է վճարել տարեկան 7 մլն դոլար, իսկ շահագործման փուլում այդ գումարը կդառնա տարեկան 9 մլն դոլար։ Գումարները կառավարվելու են առանձին ստեղծվող հիմնադրամի միջոցով՝ համայնքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։
«...որտեղ ոչ միայն նկարագրված է, թե շինարարության ու շահագործման փուլում ընկերությունը ինչքան գումար է պարտավորվում տալ, այլ մենք փորձել ենք նկարագրել, թե այդ գումարները ինչ ուղղությունների վրա է նախատեսվում ծախսվել, ինչպես ծախսել, ինչ մեթոդաբանությամբ...»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով հանքի գործունեության ժամկետներին և փակման ընթացակարգերին՝ Սանոսյանը նշել է, որ տրված լիցենզիայի համաձայն պաշարները կբավարարեն մինչև 2038-ը, որից հետո նախատեսվում է հանքի փակում և ռեկուլտիվացիա, եթե երկրաբանական նոր հետազոտություններով լրացուցիչ պաշարներ չհայտնաբերվեն։
«Երբ որ հանքի փակման մեկնարկ տրվի, նկարագրված է համապատասխան փաստաթղթերում, թե դա ինչպես տեղի ունենա: Եթե կարճ նկարագրենք, դա պետք է ավարտվի հանքի ռեկուլտիվացիոն գործընթացով, երբ որ փակվում է, կանաչապատվում է և ավարտվում է հանքի աշխատանքային փուլը»,- պարզաբանել է նա։
Անդրադառնալով սեփականության կառուցվածքին և բնապահպանական հարցերին՝ Սանոսյանը հստակեցրել է, որ կառավարությունն ունի 12,5% բաժնեմաս, իսկ 87,5%-ը պատկանում է Lydian ընկերությանը։ Նա նաև նշել է, որ հանքն ունի տեխնոլոգիական առանձնահատկություն և չունի ավանդական պոչամբար, քանի որ հանքանյութի մշակման և մետաղների կորզման տարածքը հետագայում ենթարկվելու է ռեկուլտիվացիայի։
«Այս հանքավայրը տարբերվում է նրանով, որ այդ ամբողջ պրոցեսից՝ ոսկին ստանալուց հետո, իր պոչամբար կոչվածը, որպես կանոն, այնպիսին չէ, ինչպես մենք սովորաբար տեսնում ենք շատ այլ հանքերում։ Կարող ենք ասել, որ պոչամբար չունի, կամ կարող ենք ասել, որ այն տարածքը, որտեղ տեղադրվում է հանքանյութը և որտեղից կորզվում են մետաղները, հենց այդ տարածքն էլ վերջում փակվում է ու դառնում ռեկուլտիվացված տարածք»,- հավելել է «Լիդիան Արմենիա»-ում կառավարության ներկայացուցիչը։












