Սքրինինգային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է կրծքագեղձի չարորակ ուռուցքը հայտնաբերել միջինում 3-4 տարի ավելի վաղ, քան կինը կարող է այն ինքնուրույն նկատել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ չարորակ ուռուցն ավելի վաղ հայտնաբերող սքրինինգային մամոգրաֆիան ներառված է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում, ինչը վճռորոշ նշանակություն ունի կանանց շրջանում ամենատարածված այս հիվանդության բուժման արդյունավետության բարձրացման համար։
Երկու տարին մեկ անցկացվող մոտ 10 րոպե տևողությամբ հետազոտությունը թույլ է տալիս հիվանդությունը հայտնաբերել դեռևս անախտանիշ փուլում, քանի դեռ կինն այն չի նկատել ինքնուրույն։
Ծրագիրը նախատեսված է ախտանշաններ չունեցող, սակայն տարիքային ռիսկի խմբում գտնվող 45-68 տարեկան կանանց համար, ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում իրականացվող լրահետազոտությունն ու բուժումը ևս փոխհատուցվում են։ Ծրագրից օգտվելու համար ընտանեկան բժշկի ուղեգիրը պարտադիր չէ․ հերթագրումը հնարավոր է կատարել ինքնուրույն՝ «Արմեդ» համակարգով, կամ առողջության առաջնային պահպանման բուժաշխատողի միջոցով։
Սքրինինգային մամոգրաֆիան հակացուցված է հղի և կրծքով կերակրող կանանց, վերջին 12 ամսում ախտորոշիչ մամոգրաֆիա անցած անձանց, ինչպես նաև ակնհայտ ախտանշաններ ունեցող կամ ախտորոշված քաղցկեղով այն պացիենտներին, որոնց բուժումից չի անցել առնվազն 5 տարի (նրանց համար ցուցված է ախտորոշիչ մամոգրաֆիա)։
Հետազոտությանն արդյունավետ պատրաստվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այն պլանավորել դաշտանային ցիկլից շուրջ մեկ շաբաթ անց, երկու շաբաթ առաջ սահմանափակել կոֆեին պարունակող ու գազավորված ըմպելիքների օգտագործումը, իսկ հետազոտության օրը խուսափել թևատակի շրջանում հակաքրտնարտադրող միջոցներ կիրառելուց։











