Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կովկասի բազմաթիվ ընկերությունների նկատմամբ

Կասպյան ճշգրիտ մեխանիկայի գործարանը

Կասպյան ճշգրիտ մեխանիկայի գործարանը

Կադրը՝ տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Կարաչայ-Չերքեզիայում, Դաղստանում և Հյուսիսային Օսիայում գործող ինը ընկերությունների, ինչպես նաև դրանց ղեկավարների նկատմամբ։ ԵՄ խորհուրդը որոշումն ընդունել է հոկտեմբերի 12-ին՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի դեմ ուղղված պատժամիջոցների ցուցակի հերթական ընդլայնման շրջանակում։

ԵՄ խորհուրդը հայտնել է, որ ձեռնարկությունները ներառվել են ցուցակում, քանի որ Ռուսաստանի իշխանությունները դրանք դասում են երկրի ռազմարդյունաբերական համալիրի մաս։ Որոշման համաձայն՝ ԵՄ խորհուրդը դա հիմնավորել է այն հանգամանքով, որ այդ ձեռնարկությունների աշխատակիցները կարող են ստանալ բնակարանային ծախսերը փոխհատուցող դաշնային սուբսիդիաներ, որոնք Ռուսաստանը տրամադրում է ռազմարդյունաբերության ոլորտում աշխատողներին։ Ինչ վերաբերում է ղեկավարներին, ԵՄ խորհուրդը նշել է, որ զենքի արտադրության ոլորտում նրանց գործունեությունը աջակցություն է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։

Կարաչայ-Չերքեզիայում սահմանափակումները տարածվում են Ուչկեկեն գյուղում գտնվող «Elia Plant» ԲԲԸ-ի և Չերքեսկում գործող «Cascade» ԲԲԸ-ի վրա։ Elia-ն արտադրում է էլեկտրոնային բաղադրիչներ, իսկ Cascade-ը մասնագիտացած է չափիչ և վերահսկող սարքերի արտադրության մեջ։ Պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Elia-ի գլխավոր տնօրեն Աբուբաքիր Տամբիևը և Cascade-ի ղեկավար Ասլան Ջանքեզովը։

Cascade-ի տնօրեն Ասլան Ջանքեզովը OC Media-ին ասել է, որ իր նկատմամբ ԵՄ պատժամիջոցների մասին հենց լրատվամիջոցից է իմացել։ Նա նշել է, որ այլևս ընկերության տնօրենը չէ և «արձակուրդում է՝ հետագա ազատմամբ»։

Հյուսիսային Օսիայում պատժամիջոցները տարածվում են երեք ընկերությունների վրա՝ «Magnit» («Մագնիտ») ԲԲԸ-ի, «Binom» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ի, որը Վլադիկավկազում սնանկացման գործընթացում է, և Ալագիրում գործող «Alagir Resistance Plant» ԲԲԸ-ի։ Երեք ընկերություններն էլ էլեկտրոնային բաղադրիչներ են արտադրում։ Պատժամիջոցների ցուցակում ներառված անձանց թվում են «Magnit»-ի գլխավոր տնօրեն Մարատ Եզեևը, «Alagir Resistance Plant»-ի ղեկավար Էլբրուս Ցոմաևը և «Binom»-ի արտաքին կառավարիչ Ռոման Լապիչը։

«Magnit»-ի տնօրեն Եզեևը նույնպես OC Media-ին ասել է, որ իր նկատմամբ պատժամիջոցների մասին հենց նոր է իմացել և կարծում է, որ դրանք որևէ կերպ չեն ազդի ո՛չ իր, ո՛չ էլ ընկերության վրա։

ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթում ներառվել են նաև Դաղստանի չորս ընկերություններ՝ Կասպյան ճշգրիտ մեխանիկայի գործարանը, «Stekloplast»-ը («Ապակի և պլաստիկ»), «Elektrosignal»-ը («Էլեկտրական ազդանշան») և Բույնակսկի ագրեգատների գործարանը։

Կասպյան ճշգրիտ մեխանիկայի գործարանը մասնագիտացած է նավիգացիոն, օդերևութաբանական, գեոդեզիական, գեոֆիզիկական և նմանատիպ սարքերի ու սարքավորումների արտադրության մեջ։ «Stekloplast»-ը արտադրում է պլաստիկ թիթեղներ, շերտեր, խողովակներ և այլ նյութերից պատրաստված պրոֆիլներ։

Բաց աղբյուրների համաձայն՝ «Elektrosignal»-ը վնասով աշխատող ձեռնարկություն է, որը մասնագիտացած է կոմուտացիոն համակարգերում կիրառվող կապի սարքավորումների արտադրության մեջ։ Բույնակսկի ագրեգատների գործարանը պահեստամասեր է արտադրում տիեզերանավերի և օդանավերի համար։

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև երեք ընկերությունների ղեկավարներ՝ «Stekloplast»-ի տնօրեն Արսենխան Կուրբանովը, «Elektrosignal»-ի տնօրեն Դալգատ Միրզաբեկովը և Բույնակսկի ագրեգատների գործարանի ղեկավար Նուրբուտդին Նաժմուտդինովը։

Ընդունված որոշումը դարձել է ԵՄ պատժամիջոցների ցուցակի ամենախոշոր ընդլայնման մասը 2022-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր։ ԵՄ խորհուրդը հայտարարել է 1569 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակումների մասին, այդ թվում՝ ռուսական 826 ընկերության և 743 ընկերության ղեկավարների։

Կազմակերպությունների նկատմամբ միջոցները ներառում են ակտիվների սառեցում և նրանց ֆինանսական միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրելու արգելք։ Ցուցակում ներառված անձանց համար նաև ԵՄ տարածք մուտքի արգելք է սահմանվում։

Նոր պատժամիջոցները դեռ ուժի մեջ չեն մտել։ Դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ ամբողջական ցուցակը հրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում։

2026-ի սեպտեմբերին ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել նաև Կարաչայ-Չերքեզիայի Դոմբայ բնակավայրում գործող «Ադել» մանկական ճամբարի ղեկավար Ալի Չոմաևի և Դաղստանի «Սոլնեչնի Բերեգ» («Արևոտ ափ») կրթական կենտրոնի նկատմամբ։

ԵՄ-ի տվյալներով՝ Չոմաևը ներգրավված է եղել ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելու և նրանց գաղափարական վերադաստիարակման գործընթացում։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում