Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանում բնակվող իրանցի ակտիվիստ Մոհամադ Մահդի Ռահիմիանին կալանավորել է երկրի Ներքին գործերի նախարարությունը և տեղափոխել միգրանտների ժամանակավոր կացության կենտրոն։ Իշխանությունները նրա նկատմամբ վարույթ են իրականացնում՝ երկրում առանց օրինական հիմքի մնալու պատճառով։
Գործը քննվում է Վրաստանում բնակվող իրանցի այլախոհների ավելի լայն մտահոգությունների ֆոնին, որոնք կապված են երկրում մնալու հնարավորության և Իրան վերադարձվելու դեպքում նրանց սպառնացող վտանգների հետ։ Վրաստանում բնակվող իրանցի ակտիվիստները խոսում են իրենց անվտանգության վերաբերյալ վախերի և երկրում իրենց ապագայի շուրջ անորոշության մասին։
Ռահիմիանի կալանավորումը նրա ընկերների շրջանում մտավախություն է առաջացրել, որ նրան կարող են արտաքսել Իրան, որտեղ, նրանց համոզմամբ, քաղաքական գործունեության պատճառով նրան վտանգ է սպառնում։ Ռահիմիանն ունի երկու դուստր, որոնք դպրոց են հաճախում Վրաստանում, իսկ ընտանիքի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Ռահիմիանի ընկեր Փարիսա Շիրալիզադեն OC Media-ին ասել է, որ նա տարիներ շարունակ քաղաքական ակտիվություն է ծավալել և հեռացել Իրանից՝ վախենալով, որ իշխանությունները կարող են ձերբակալել իրեն։ Նրա խոսքով՝ Ռահիմիանը մասնակցել է Վրաստանում անցկացված բողոքի ակցիաներին, այդ թվում՝ 2021-ի «Կին, կյանք, ազատություն» շարժման հետ կապված ցույցերին, ինչպես նաև Իրանի կառավարության և ազդեցիկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ավելի վերջին բողոքներին։
«Մենք մեր երկիրը մեր ընտրությամբ չենք լքել։ Իրականում այլ տարբերակ չունեինք։ Մոհամադն էլ այլ ընտրություն չուներ, քան Իրանից փախչելը»,- ասել է Շիրալիզադեն։
Rights Georgia ՀԿ-ն հայտնել է, որ Միգրացիայի վարչության ժամանակավոր կացության կենտրոնում հանդիպել է Ռահիմիանի հետ և համաձայնեցրել նրա իրավական պաշտպանության ռազմավարությունը։
Կազմակերպության տվյալներով՝ Միգրացիայի վարչությունը հարցազրույցի է կանչել նաև Ռահիմիանի կնոջը, սակայն այն հետաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը։
Rights Georgia-ն զգուշացրել է, որ Իրան արտաքսվելու դեպքում Ռահիմիանի կյանքին և ֆիզիկական անվտանգությանը «իրական և անմիջական վտանգ» կսպառնա։ Կազմակերպությունը հայտարարել է, որ կօգտագործի հասանելի բոլոր իրավական միջոցները՝ Ռահիմիանի և նրա ընտանիքի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։
Կազմակերպությունը նաև իշխանություններին կոչ է արել պահպանել չվերադարձման սկզբունքը, Վրաստանի օրենսդրությունն ու մարդու իրավունքների կիրառելի միջազգային չափանիշները։ Չվերադարձման սկզբունքն արգելում է անձին վերադարձնել այնպիսի երկիր, որտեղ նրան կարող են սպառնալ լուրջ վտանգներ, այդ թվում՝ հետապնդում կամ խոշտանգում։
Ներքին գործերի նախարարության Միգրացիայի վարչությունը հայտնել է, որ Ռահիմիանի նկատմամբ վարչական վարույթը սկսվել է երկուշաբթի, քանի որ նա երկրում մնացել է առանց օրինական հիմքի։
Նախարարության տվյալներով՝ Ռահիմիանը Վրաստան է մուտք գործել 2022-ի ապրիլին, իսկ նույն տարվա դեկտեմբերի 26-ին դիմել է միջազգային պաշտպանության համար։ Նրա գործը ուսումնասիրելուց հետո Միգրացիայի վարչությունը 2024-ի հունիսի 16-ին մերժել է դիմումը՝ նշելով, որ նրան պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքեր չկան։
Ռահիմիանը բողոքարկել է որոշումը։ Սակայն, նախարարության տվյալներով, Թբիլիսիի քաղաքային դատարանն ու Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ են թողել նախարարության դիրքորոշումը։
Նախարարությունը հավելել է, որ 2026-ի հունիսի 26-ին դադարեցվել է նրա ապաստան հայցողի կարգավիճակը, ինչից հետո նա այլևս Վրաստանում մնալու իրավական հիմք չի ունեցել։ Գերատեսչության համաձայն՝ Ռահիմիանը չի հեռացել երկրից իր օրինական մնալու հիմքերի ժամկետի ավարտից հետո, և նրան կալանավորել են Վրաստանի օրենսդրության համաձայն։
«Ռահիմիանն իրավունք ունի կամավոր լքել Վրաստանը՝ մեկնելով Իրան կամ երրորդ երկիր»,- հայտարարել է նախարարությունը։
Շիրալիզադեն OC Media-ին ասել է, որ Ռահիմիանը Վրաստանում ապաստան էր հայցել, սակայն նրա դիմումը մերժվել է։ Նրա խոսքով՝ Ռահիմիանի կալանավորումը ծանր է ազդել նրա երկու դուստրերի վրա։ Ավագը մոտավորապես չորրորդ կամ հինգերորդ դասարանում է, իսկ կրտսերը՝ երկրորդ։ Շիրալիզադեի խոսքով՝ երկուսն էլ վրացերեն են խոսում, իսկ կրտսեր դուստրը դպրոց է սկսել հաճախել հենց Վրաստանում։
«Նրանք ուսումնական տարվա կեսին են։ Ոչ մի տեղ չեն կարող գնալ, հատկապես՝ վերադառնալ Իրան։ Դա պարզապես հնարավոր չէ»,- ասել է նա։
Շիրալիզադեն ընդգծել է, որ Իրան վերադարձվելու դեպքում Ռահիմիանին լուրջ վտանգ է սպառնում։ Նրա խոսքով՝ ինքը վախենում է, որ քաղաքական գործունեության պատճառով իշխանությունները նրան կձերբակալեն և կսպանեն։
«Հենց դրա համար էլ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ասենք՝ նրան չպետք է վերադարձնեն Իրան»,- ասել է նա՝ հավելելով, որ երեխաները հորը տանելուց հետո «շատ ծանր վիճակում են»։
Շիրալիզադեն Վրաստանի իշխանություններին կոչ է արել ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրել՝ առնվազն մինչև երեխաների ուսումնական տարվա ավարտը, որպեսզի նրանք կարողանան քննարկել հետագա տարբերակները։
Նա նաև կոչ է արել Վրաստանին և արևմտյան երկրներին լսել արտերկրում ապրող իրանցի ակտիվիստներին՝ ընդգծելով, որ նրանք Իրանից հեռանալուց հետո էլ շարունակում են վտանգի տակ մնալ։
«Մենք ակնկալում ենք, որ աշխարհը, ազատ աշխարհը, արևմտյան երկրներն ու Վրաստանը մեզ կլսեն և չեն անտեսի։ Մենք պարզապես մարդու հիմնարար իրավունք ենք պահանջում»,- ասել է Շիրալիզադեն։












