Գլխավոր Լրահոս

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչեց

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչեց

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսեր հանրության գերակա շահ ճանաչվեցին: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որոշման հիմքում ընկած է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2025-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որով դադարեցվել է ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունը նպատակ ունի ընկերությունը հանձնել միջազգային առաջատար ընկերության կառավարմանը։

«Սա ակնհայտորեն սպասված և կանխատեսելի որոշում է, որովհետև, ըստ էության, մենք հայտարարել ենք այս գործընթացի մասին։ Չնայած ակնկալում ենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները զուգահեռ կուսումնասիրեն նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը, բայց պրոցեսները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետև մեկը մյուսին չի խանգարում և չի բացառում։ Մեր պլանն է, որ ընկերությունը դառնում է պետական սեփականություն, և մենք այն կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին։ Մենք մասնավորեցնելու նպատակ չունենք, համենայն դեպս մեր առաջնային ծրագիրը դա չէ, իսկ եթե օբյեկտիվ պատճառներով չկարողանանք իրականացնել, նոր կանցնենք այլ տարբերակների քննարկմանը»,- ասաց վարչապետը։

Համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի՝ կառավարությունն առաջարկել էր բաժնետերերին համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, սակայն սահմանված եռամսյա ժամկետում այդ իրավունքը չի իրացվել։

Սահմանադրական դատարանն իր հերթին արձանագրել է, որ ժամանակավոր կառավարչի ինստիտուտը բացառապես կանխարգելիչ և ժամանակավոր միջոց է, որը չի կարող փոխարինել համակարգի կայուն և երկարաժամկետ իրավական լուծմանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած որոշման ընդունումն անմիջական լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում, սակայն հետագայում պետական կամ տեղական բյուջեներում կարող են նախատեսվել միջոցներ՝ օտարվող սեփականության դիմաց օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու և գործընթացը կազմակերպելու համար։

Նախագծի հավելվածի համաձայն՝ ՀԷՑ-ի 246,423 հասարակ անվանական բաժնետոմսերից 69.99 տոկոսը կամ 172,496 հատը պատկանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին, որի ձայնի իրավունքը սառեցված է, իսկ 30 տոկոսը կամ 73,927 հատը՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ Բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը կազմում է շուրջ 21 մլն դրամ։

Անդրադառնալով ընկերության ֆինանսական գնահատման մեթոդաբանությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեծ շրջանառության առկայության պարագայում, եթե դրա գրեթե ողջ ծավալը կազմում են պարտավորություններն ու ներգրավված վարկերը, դրանք տրամաբանորեն նվազեցվելու են ընկերության վերջնական գնից։

«Եթե հաշվապահությամբ երևում է, օրինակ, մեկ միլիարդ դոլարի շրջանառություն, բայց դրա 990 մլն դոլարը ներգրավված վարկային միջոցներն ու պարտավորություններն են, ապա ակտիվների հաշվառմամբ կարող է ակնկալիք լինել, որ գնահատված գինը կլինի 10 միլիոն դոլար։ Մենք հիմա գնահատում չենք իրականացնում, բայց ուզում եմ հասկանալ՝ արդյոք գործելու է հենց այդ ընդհանուր տրամաբանությունը»,- ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց, որ որոշմամբ նախատեսված է երկամսյա ժամկետ, որի ընթացքում իրականացվելու է գույքի ամբողջական նկարագրությունը՝ բոլոր առկա ռիսկերի բացահայտմամբ։

«Երկամսյա ժամկետում պետք է արվի գույքի նկարագրությունը, որտեղ պարտավոր ենք բացահայտել բոլոր ռիսկերը, որոնք մինչ օրս արձանագրվել են, այդ թվում՝ հաշվապահական հաշվեկշիռը, ակտիվները, պարտավորությունները, սեփական միջոցներն ու ամորտիզացված գույքը։ Չի բացառվում, որ նկարագրական մասում ներկայացվի նաև մասնավորեցման գործընթացն ու բաժնեմասի ծննդյան պատմությունը, ինչպես նաև այն պարտավորությունները, որոնք արտացոլված չեն հաշվեկշռում, որպեսզի պոտենցիալ նոր կառավարչի և հանրության համար լիովին հասկանալի լինի, թե ինչ է գնահատվում և ինչ գին է ձևավորվում»,- ասաց Գրիգորյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընկերության արժեքի վերաբերյալ կոնկրետ թվեր չնշեց, քանի որ լիցենզավորված գնահատում պետք է իրականացվի։

«Գնահատման ընթացքում հաշվի են առնվում իրականացված ներդրումները, դրանց ավելացվում է համապատասխան ժամանակահատվածում հայկական բանկերի միջին ավանդային տոկոսադրույքով հաշվարկված գումարը, իսկ դրանից հանվում են բաշխված շահութաբաժիններն ու ստանձնած պարտավորությունները։ Ստացված գնի մասով ծանուցում է ուղարկվում սեփականատերերին, որոնք իրավունք ունեն ընդունել առաջարկը կամ պատվիրել սեփական գնահատումը Հայաստանում լիցենզավորված այլ ընկերության կողմից։ Եթե սեփականատերերը չեն համաձայնվում և սեփական գնահատում չեն իրականացնում, առաջին գնահատված գումարը փոխանցվում է դեպոզիտարիա, և գործարքն ավարտվում է»,- ասաց նախարարը։

Բաժնետոմսերի ձեռքբերողը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը լինելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Փաստաթղթի համաձայն՝ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2027-ի մայիսի 1-ը, իսկ ավարտի վերջնաժամկետը՝ 2027-ի հոկտեմբերի 1-ը։ Օտարումն իրականացվելու է նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

Կառավարությունը տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին 380,000 դոլար էր առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար։ Կարապետյանները մերժել են առաջարկը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում