«Անկլավ-էքսկլավների հետ կապված այս պահին չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ըմբռնումն այնպիսին է, որ սահմանազատման արդյունքում երկու կողմերում էլ անկլավներ չպետք է լինեն». կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերվում է անկլավ-էքսկլավների հետ կապված խնդրին, այդ թեման միշտ էլ ներկա է եղել, այլ բան դրա հետ կապված եղե՞լ է պայմանավորվածություն, թե չի եղել, այս պահին էլ չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ըմբռնումը այդպիսին է»,- ասել է վարչապետը։
Խոսքը վերաբերում է Քյարքիի, Բարխուդարլիի, Սոֆուլուի, Ասկիպարայի և Արծվաշենի միավորներին, որոնց մասով վարչապետը դիտարկել է բնակավայրերը տեղաշարժելու և Հայաստանի տարածքին մոտեցնելու գաղափարը, նշելով, որ տերմինաբանությունը չպետք է ընկալել զուտ դեյուրե կամ իրավաբանական առումով։
«Խոսքը, այո, Քյարքիի, Բարխուդարլի և որի մեջ նաև մի հատ էլ գյուղ կա, պայմանական այդ մի միավորը Բարխուդարլի և մի հատ էլ Սոֆլի գյուղ կա և Ասկիպարա գյուղը, այսինքն այդ երեք միավորների և Արծվաշենի մասին է, հիմա էլի եմ ասում, որովհետև այստեղ տերմինաբանությունը կարող է շփոթեցնող լինել, ես առաջարկում եմ, որ ինչ որ կասեմ, դա չընկալել որպես դեյուրե, իրավաբանական տերմիններով չընկալել, որովհետև դա այդտեղ կարող է գաղափարն այն է, որ սահմանազատվեց երկու սահման երկու կողմերում անկլավ-էքսլավ չի լինում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանել է, որ Արծվաշեն գյուղը չի փակվելու, այլ վերստեղծվելու է այնպես, որ Հայաստանի և բնակավայրի արանքում այլ պետության տարածք չմնա, ինչը թույլ կտա քաղաքացիներին տուն գնալիս ստիպված չլինել բազմաթիվ սահմաններ հատել։
«Գաղափարն այն է, որ գյուղը չենք փակում, գյուղը ընդհակառակը վերստեղծում ենք, բայց որ իր և Հայաստանի արանքում չմնա տարածք, որ մարդը հիմա, պատկերացրեք, Ճամբարակից մարդը գնում է իրենց տուն, պիտի գա մի հատ սահման անցնի, հետո երկրորդ սահմանը անցնի, հետո երրորդ սահմանը անցնի, հետո չորրորդ սահմանը անցնի, պրոբլեմ է, նույնն էլ հակառակ կողմից»,- ասել է վարչապետը։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցն ունի բազմաթիվ տեխնիկական և գործնական բարդություններ՝ կապված ջրային ռեսուրսների, կոմունիկացիաների և ճշգրիտ քարտեզային տվյալների հետ, իսկ իրավաբանական կողմը, ներառյալ հանրաքվեի անհրաժեշտությունը, դեռևս վերլուծության կարիք ունի և հնարավոր քաղաքական լուծման շրջանակում մանրամասն քննարկված չէ։
«Դա մի քիչ տեխնիկական հարց է, օրինակ, որովհետև հիմա ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, ինքը մի շերտանի հարց չի, այնպես հարց չի, որ ասենք ուղղակի բերենք այս կողմ, որովհետև հազար ու մի հարց կա, այդտեղ ջուր կա, ջուր չկա։ Դեյուրե ոնց է լինելու, դա հանրաքվե՞ով է լինելու, թե՞ առանց հանրաքվեի է լինելու, այդ բոլոր հարցերին ես հիմա չեմ կարող պատասխանել, որովհետև դա այդ թվում իրավաբանական վերլուծության հարց է, ես խոսում եմ հնարավոր քաղաքական լուծման մասին»,- ասել է վարչապետը։












