Գլխավոր Լրահոս

Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ այն կապելով հիջաբի արգելքի հետ

Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ այն կապելով հիջաբի արգելքի հետ

Լուսանկարը՝ Area.az-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի «պետական տեղեկատվական ենթակառուցվածքները» ենթարկվում են «ինտենսիվ կիբերհարձակումների»։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իրանամետ հաքերային խումբը, մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է, որ դրա հետևում կանգնած է «օտարերկրյա հաքերային խումբ»։

Ադրբեջանի Հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ հարձակումները գրանցվել են «2026-ի հոկտեմբերի 13-ին՝ մոտավորապես ժամը 22:00-ից սկսած»։

«Հարձակումն իրականացրել է օտարերկրյա հաքերային խումբը՝ թիրախավորելով Ադրբեջանի Հանրապետության պետական տեղեկատվական ենթակառուցվածքի ավելի քան 100 պետական դոմեն»,- ասվում է ծառայության հայտարարությունում։

Ադրբեջանը չի հստակեցրել, թե որ երկրին է մեղադրում հարձակման համար, սակայն պատասխանատվությունը ստանձնել է իրանամետ «313 Team» հաքերային խումբը, որը, ենթադրաբար, գործում է Իրաքից։

Հոկտեմբերի 13-ին՝ Բաքվի ժամանակով ժամը 21:00-ին, Telegram-ում հրապարակված հայտարարությունում խումբը հայտնել է, որ «լայնածավալ և բարդ կիբերհարձակում է սկսել Ադրբեջանի Հանրապետության պետական թվային ենթակառուցվածքին պատկանող 47 առանցքային IP տիրույթների դեմ»։ Խումբը որպես հարձակման պատճառ նշել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքը և հայտարարել, որ գործողությունը կտևի 24 ժամ։

«Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել Ադրբեջանի Հանրապետության կառավարության դեմ դպրոցներում և համալսարաններում աշակերտուհիների ու ուսանողուհիների հիջաբ կրելու արգելքի կապակցությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանում շիա համայնքի զգալի թվաքանակը՝ մենք վճռական գործողությունների կդիմենք պետության դեմ․ ամբողջությամբ կոչնչացնենք նրա պետական թվային ենթակառուցվածքը»,- հայտարարել է խումբը։

«313 Team»-ը պնդել է, որ կիբերհարձակման ինտենսիվությունը գերազանցել է «վայրկյանում 2,5 տերաբիթը» և «ամբողջությամբ կաթվածահար արել Ադրբեջանի պետական բոլոր կայքերը՝ ներառյալ պետական պաշտոնական պորտալը, ինչպես նաև Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների կայքերը»։ Խմբի պնդմամբ՝ շարքից դուրս է եկել 1825 պետական կայք։ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ տուժել է 100 դոմեն։

Թեև պետական ծառայությունը պնդել է, որ «կիբերհարձակման հետևանքները սահմանափակվել են, իսկ կայքերի աշխատանքի անընդհատությունն ապահովվել է», հրապարակման պահին OC Media-ի լրագրողները չեն կարողացել մուտք գործել Ադրբեջանի պետական մի շարք կայքեր, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, Գիտության և կրթության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Առողջապահության նախարարության դոմեններ։

Այլ կայքեր, օրինակ՝ Պետական անվտանգության ծառայության կայքը, հասանելի են եղել, սակայն, ըստ ամենայնի, ավելի դանդաղ են աշխատել։

Կիբերհարձակումը տեղի է ունեցավ, երբ հոկտեմբերի 12-ին Ադրբեջանում արգելափակվեցին մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում՝ Instagram-ը և TikTok-ը՝ հանրային դպրոցներում աշակերտների և ուսուցիչների հիջաբ կրելու արգելքի դեմ աճող բողոքների ֆոնին։

Հոկտեմբերի 15-ի առավոտվա դրությամբ սոցիալական ցանցերի արգելափակումը, ըստ ամենայնի, վերացվել էր․ Բաքվի օգտատերերը հայտնել են, որ այլևս VPN օգտագործելու կարիք չունեն։

Կիբերհարձակումը տեղի է ունենում Իրանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության ֆոնին, որն ուժեղացել է այն բանից հետո, երբ Բաքուն դպրոցներում աշակերտների և ուսուցիչների համար հիջաբի արգելք սահմանեց։

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պատմականորեն լարված են եղել, սակայն Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների թիվը գերազանցում է Ադրբեջանի Հանրապետության ամբողջ բնակչությանը, և Թեհրանը ավանդաբար զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ, քանի որ սխալ քայլերը կարող են օտարել երկրի ամենամեծ էթնիկ փոքրամասնությանը։

Բաքուն էլ իր հերթին մշտապես ուշադիր հետևել է Իրանի քաղաքականությանը ադրբեջանցիների նկատմամբ, հատկապես երկու երկրների միջև քաղաքական լարվածության ժամանակներում։

Սակայն հիջաբի շուրջ վերջին բողոքների ընթացքում հարաբերությունները, ըստ ամենայնի, կտրուկ վատթարացել են։ Ադրբեջանի իշխանությունները իրանական լրատվամիջոցներին և գործիչներին մեղադրել են իրավիճակը չափազանցնելու մեջ։

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Մամուլի խորհուրդը հայտարարել է, որ իրանական Saher TV հեռուստաալիքը միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում բողոքների վերաբերյալ՝ պնդելով, որ պետական հեռուստաալիքը Թուրքիայում տեղի ունեցած միջոցառման տեսանյութը ներկայացրել է որպես «մեր երկրում հիջաբ կրող անձանց աջակցության նպատակով կազմակերպված բողոքի ակցիա»։

Խորհուրդը նաև պնդել է, որ մի շարք օտարերկրյա պետությունների «հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ և նույնիսկ պաշտոնյաներ» «ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի դեմ ուղղված նպատակային տեղեկատվական արշավների»՝ մասնավորապես նշելով Իրանից և Թուրքիայից եկող հարձակումների «ակտիվացումը»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում