Գլխավոր Լրահոս

Վրացի ընդդիմադիր առաջնորդ Ջափարիձեն կալանավորվել է Թուրքիայի օդանավակայանում

Զուրաբ Ջափարիձեն

Զուրաբ Ջափարիձեն

Լուսանկարը՝ ALDE-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեն կալանավորվել է Թուրքիայի օդանավակայաններից մեկում՝ Բրյուսել մեկնելու ճանապարհին։ Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը (ALDE) հայտնել է, որ Ջափարիձեին պահել են խցում, իսկ նրա անձնագիրն ու ուղեբեռը վերցրել։ Կազմակերպությունը հավելել է, որ հոկտեմբերի 15-ին նրան կվերադարձնեն Վրաստան։

Ջափարիձեի՝ Facebook-ում հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան նրա նկատմամբ մուտքի հնգամյա արգելք է սահմանել՝ 2025-ի նոյեմբերի 20-ից մինչև 2030-ի նոյեմբերի 20-ը՝ G-87 կոդով։ Փաստաթղթում նաև նշվում է, որ արգելքը կարող է երկարաձգվել մինչև 10 տարի։

Ջափարիձեն ղեկավարում է ALDE-ի անդամ «Գիրչի - ավելի շատ ազատություն» կուսակցությունը։ Նա Թուրքիայով մեկնում էր Բրյուսել՝ մասնակցելու Renew Europe-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Renew Europe-ը Եվրոպական խորհրդարանի լիբերալ քաղաքական խումբ է։

X-ում հրապարակած հայտարարությունում ALDE-ն մտահոգություն է հայտնել Ջափարիձեի կալանավորման կապակցությամբ՝ նշելով, որ ցավում է, որ նա չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին։

«Ցավում ենք, որ նման ճնշումները շարունակում են գործադրվել այն ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքի և տեղաշարժի նկատմամբ, որոնք իրենց երկրի համար ձգտում են եվրոպամետ և ժողովրդավարական ապագայի»,- գրել է կազմակերպությունը։

Ջափարիձեն նույնպես Facebook-ում գրել է միջադեպի մասին՝ նշելով, որ Թուրքիայի օդանավակայանում չվերթ էր փոխում, երբ իրեն կալանավորել են։

«Ինչպես ինձ բացատրում են, 2025-ի նոյեմբերից ինձ արգելված է մուտք գործել Թուրքիա։ Ըստ ամենայնի, իմ մասին ինչ-որ տեղեկություն են ստացել Վրաստանի պաշտոնական կառույցներից»,- գրել է Ջափարիձեն։

Նա հավելել է, որ հաջորդ առավոտ իրեն կվերադարձնեն Թբիլիսի, ինչի պատճառով կորցրել է կարևոր հանդիպումների մասնակցելու հնարավորությունը։ Ջափարիձեն նշել է, որ անհանգստանալու այլ բան չկա։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը OC Media-ին հայտնել է, որ որևէ երկրի չի դիմել Ջափարիձեի մուտքն արգելելու խնդրանքով։

2025-ին Ջափարիձեն յոթ ամիս ազատազրկման պատիժ էր կրել՝ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար։ Նա ազատ էր արձակվել նույն տարվա դեկտեմբերին։

Բանտում գտնվելու ընթացքում՝ 2025-ի նոյեմբերին, իշխանությունները նրան լրացուցիչ մեղադրանքներ էին առաջադրել, այդ թվում՝ դիվերսիայի և թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանն աջակցելու համար։

Ջափարիձեն Վրաստանի այն մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներից է, որոնց մեղադրում են պետական դավաճանության մեջ։

Քանի որ այս մեղադրանքներով գործը դեռ շարունակվում է, Ջափարիձեին Վրաստանից դուրս գալու համար անհրաժեշտ է Գլխավոր դատախազության թույլտվությունը։ Սեպտեմբերի 20-ին նա Facebook-ում գրել էր, որ Վիլնյուս մեկնելու թույլտվություն է ստացել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում