Քննարկում ենք, որ «Քյարքին» վերջնականորեն վերածվի Տիգրանաշենի, Արծվաշենն էլ մնա Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։
«Ասել եմ, որ դա քննարկում ենք, որ փոխանակենք: Բա էդ է փոխանակումը, որ Քյարքին վերջնականապես վերածվի պայմանականորեն Տիգրանաշենին, Արծվաշենն էլ մնա իրենց: Դա քննարկվում է, և դա հնարավոր է, կրկնում եմ, բայց հավասարության բերելով այն քառակուսի կիլոմետրերը, որոնք համապատասխան են, որովհետև, որքանով ես գիտեմ, այն երեք անկլավը և Արծվաշենը փոքր շեղում ունեն. Արծվաշենը մի քիչ ավելի փոքր է, քան երեքն իրար հետ վերցրած»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ԱԽ քարտուղարը նշել է, որ քննարկում կա՝ գոյություն ունեցող ստատուս-քվոն հաշվի առնելով և Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքը պահպանելով անկլավների և էքսկլավների փոխանակումը լինի։
«Սա ձեզ պետք է հուշի, որ ընկալում և համագործակցություն կա, սահմանազատման շարունակության, խաղաղության գործընթացի ընկալում երկկողմանի կա: Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել ու չի տրվելու»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանի հռետորաբանությանը՝ Սիմոնյանը մեկնաբանել է, որ 30 տարվա պատերազմից հետո ադրբեջանական կողմն ունի իր հասարակությանն ասելիք, սակայն երկկողմ հարաբերություններում լարվածություն չկա:
«30 տարի, որը իրենք անվանում են օկուպացիա, բնական է, որ չէր կարող դրական էպիտետներով խոսել: Եկեք ընդունենք, որ այդ հռետորաբանությունը փոխվել է: Ես հնարավորություն եմ ունեցել նաև նախագահ Ալիևին դա ասել, խնդրել եմ, ասել եմ. «Դուք պետք է իմանաք, պարոն նախագահ, որ ձեր հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում շատ զգայուն են ընդունվում, և երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, կարևոր դերակատարում ունեք նաև դուք, և ձեր հռետորաբանությունը Հայաստանում շատ լսելի է»: Ինքը լսեց ուղղակի, ասաց՝ լավ, բարի»,- պատմել է Ալեն Սիմոնյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովի կամ Հիքմեթ Հաջիևի հետ կապի մեջ են և ազատ քննարկում են բոլոր հարցերը:
«Մենք երկկողմանի ազատ ենք խոսել 24/7 ռեժիմով ամեն ինչի մասին»,- ընդգծել է Սիմոնյանը, և հայտնել, որ հենց այդ պահին Հիքմեթ Հաջիևն է զանգում, և ճեպազրույցից հետո կպատասխանի նրա զանգին:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավ-էքսկլավների հետ կապված այս պահին չկա ոչ մի պայմանավորվածություն, բայց ըմբռնումն այնպիսին է, որ սահմանազատման արդյունքում երկու կողմերում էլ անկլավներ չպետք է լինեն։












