Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա «շատ-շատ փոքր է», իսկ բացասական պատմությունները հետազոտություններով չեն հաստատվել։ Երևանում ընթացոց COP17-ի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այսօր էլ հանքը շահագործվում է, արդեն իսկ արտահանում ունի, ու դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա արդեն իսկ կա», - ասել է նախարարը։
Ամուլսարի հանքի շահագործումը պաշտոնապես մեկնարկել է հոկտեմբերի 10-ին։
Պապոյանի խոսքով՝ Ամուլսարն ապահովում է 1600 ուղղակի և մինչև 4000 անուղղակի աշխատատեղ։ Նա նշել է, որ միջազգային գների պահպանման դեպքում հանքը հաջորդ տարի պետական բյուջե է վճարելու մինչև 130 մլն դոլարի հարկ՝ ապահովելով ՀՆԱ-ի 1-2 տոկոս ազդեցություն։
«Մեր տնտեսությունը այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, անհնար է պատկերացնել առանց ԶՊՄԿ-ի և անհնար է պատկերացնել այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների։ Սա պետք է ընդունել», - ընդգծել է Պապոյանը։
Անդրադառնալով բնապահպանների մտահոգություններին և հարցին, թե արդյոք երաշխավորում է, որ Սևանին ու Ջերմուկին էկոլոգիական աղետ չի սպառնում, նախարարը պարզաբանել է, որ անվտանգության երաշխիքները տվել են հետազոտություններ իրականացրած մասնագետները։ Նա հավելել է, որ Ամուլսարում կիրառվում են ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որոնք չեն տարբերվում ԱՄՆ Մոնտանա նահանգի կամ Կանադայի հանքերում օգտագործվող մեթոդներից, իսկ ստացված եկամուտներով պետությունը ֆինանսավորելու է կրթությունը, առողջապահությունը, անտառատնկումն ու ջրային ռեսուրսների պահպանումը։
«Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են երաշխավորել դա՝ կատարած հետազոտությամբ։ Այն, ինչ որ տեսնում եք Լիդիանում, նույնը կարող եք տեսնել, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Մոնտանա նահանգի հանքերում, նույնը՝ Կանադայի հանքերում», - հայտարարել է նախարարը։
Լրագրողի հարցին, թե արդյոք հայ պաշտոնյաները պատրաստվում են COP17-ի շրջանակում միջազգային գործընկերների առջև բարձրացնել Ադրբեջանի կողմից Շիկահողի արգելոցի հատվածում իրականացվող ծառահատումների և բնապահպանական աղետի հարցը, Պապոյանը պատասխանել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում են բացառապես Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքից ներս տեղի ունեցող իրադարձությունները։
«Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է, և այդ տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ», - ասել է Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև հավելել է, որ Երևանում ընթացող COP17 համաժողովը բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը, ապահովում է 10,000-ից մինչև 15,000 լրացուցիչ զբոսաշրջիկի այցելություն և նպաստում ներդրումային միջավայրի բարելավմանը։
Ամուլսարի հանքի շահագործման դեմ արտահայտվող մի շարք ՀԿ-ներ ու անհատներ պնդում են, որ հանքի շահագործումը խախտում է Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները և անտեսում ELARD ու TRC կազմակերպությունների 2019-ի փորձագիտական հաշվետվությամբ արձանագրված էկոլոգիական, ջրային և սեյսմիկ ռիսկերը։ Ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ցիանային եղանակով ոսկու կորզումը և ապարների թթվային դրենաժը վտանգում են Արփա ու Որոտան գետերը, Սևանա լիճը, Ջերմուկի հանքային ջրերը, ինչպես նաև հարվածում են Ջերմուկ առողջարանային քաղաքի զարգացմանը։











